Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քննիչը կալանք է դրել Սերժ Սարգսյանի 489 միլիոն դրամի գույքի վրա․ միջնորդեցին այն վերացնել

Քննիչը կալանք է դրել Սերժ Սարգսյանի 489 միլիոն դրամի գույքի վրա․ միջնորդեցին այն վերացնել
Քաղաքականություն
16:33, 18 март 2021
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում` դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով դատական նիստին, այսօր նրա պաշտպանական թիմը ներկայացրեց գույքի վրա դրված կալանքը վերացնելու մասին միջնորդություն։

Պաշտպաններից Ռուբեն Հակոբյանն ասաց, որ երբ երկու տարի առաջ Սերժ Սարգսյանը վկայի հարցաքննությունից եւ առերեսումից հետո ներգավվել է որպես մեղադրյալ, վկայի հարցաքննության արձանագրության եզրափակիչ մասում իրենց կողմից ներկայացվել է միջնորդություն՝ տրամադրել բոլոր այն դատավարական փաստաթղթերի պատճեները, որոնք Քրեական դատավարության տվյալ փուլում Սերժ Սարգսյանը ծանոթանալու եւ ստանալու իրավունք ունի, սակայն մջնորդության լուծումն առանց որեւէ հիմնավորման հետաձգվել է.

«2019 թվականի դեկտեմբերի 9-ին քննիչին ներկայացվել է պաշտպանության իրավունքի խախտումները վերացնելու, դատավարական փաստաթղթերին ծանոթացնելու եւ դրանք պատճեները տրամադրելու մասին միջնորդություն, որի պահանջներից մեկը հանդիսացել է՝ տրամադրել բոլոր այն որոշումների պատճեները ,որոնք մեղադրյալն այդ փուլում ստանալու իրավունք ունի։ Դեկտեմբերի 13-ին եւ 20-ին ստացվել են քննիչի գրությունն ու միջնորդությունը քննություն առնելու մասին որոշում, որոնցով պաշտպանության կողմին չի տրամադրվել պահանջվող, տրամադրման ենթակա որոշումների պատճեները, որոնց թվին է դասվում գույքի վրա կալանք դնելու մասին որոշումը։

Դեկտեմբերի 18-ի երեկոյան մամուլից տեղեկացել ենք, որ քննիչի կողմից Սարգսյանի եւ Բեգլարյանի գույքի վրա կալանք է դրվել։ Դրանից մեկ օր անց պաշտպանը միջնորդություն է ներկայացրել նախանքննական մարմին՝ տրամադրել Սերժ Սարգսյանի գույքի վրա կալանք դնելու մասին որոշման օրինակը եւ ծանոթացնել հավաքված այն ապացույցներին, որոնք հիմք են տալիս ենթադրելու, որ Սարգսյանը կարող է թաքցնել, փչացնել կամ սպառել բռնագրավման ենթակա գույքը։ Դեկտեմբերի 16-ին ստացվել է քննիչի միջնորդությունը մասնակի մերժելու մասին որոշումը, որով պաշտպանի նույնաբովանդակ երրորդ միջնորդությունը մասնակի մերժվել է, տրամադրվել է մեղադրյալի գույքի վրա կալանք դնելու մասին որոշման օրինակը։ 

Քննիչը Սերժ Սարգսյանի գույքի վրա կալանք է դրել այն պատճառաբանությամբ, որ երրորդ նախագահը ՀՀ պետական տարբեր մարմիններում նախկինում զբաղեցրել է բարձրաստիճան պաշտոններ, ինչպես նաեւ դրանից բխող կենսափորձ է ունեցել եւ ունեցած կապերը հիմք են տալիս ենթադրելու, որ իրեն վերագրվող արարքի բնույթից եւ վտանգավորության աստիճանից ելնելով՝ նա կարող է անձամբ կամ միջնորդավորված եղանակով թաքցնել, օտարել կամ սպառել սեփականության իրավունքով իրն պատկանող գույքը»։

Ըստ պաշտպանի` գույքի տիրապետողն իրավունք ունի որոշել, թե առաջին հերթին որ արժեքների վրա է անհրաժեշտ կալանք դնել՝ ապահովելու համար որոշման մեջ նշված գումարները. «Վարույթն իրականացնող մարմինը մինչեւ գույքի վրա կալանք դնելը առհասարակ չի պարզել՝ Սերժ Սարգսյանն ընդհանրապես գույք ունի՞, թե՞ ոչ»։
Ռուբեն Հակոբյանն ավելացրեց, որ քննիչը որոշել է կալանք դնել Սերժ Սարգսյանի 489 միլիոն դրամ շարժական եւ անշարժ գույքի, ֆինանսական միջոցների վրա։

Հիշեցնենք, որ երրորդ նախագահը մեղադրվում է պետական բյուջեից մոտ կես միլիարդ դրամի հափշտակությունը կազմակերպելու մեջ։