Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՅԴ-ն քննարկում է «դավաճանական ընտրություններին» մասնակցելու հարցը՝ նախկինում «կտրուկ դեմ ըլլալով»

ՀՅԴ-ն քննարկում է «դավաճանական ընտրություններին» մասնակցելու հարցը՝ նախկինում «կտրուկ դեմ ըլլալով»
Քաղաքականություն
17:28, 18 март 2021
Ամիսներ շարունակ Նիկոլ Փաշինյանի կողմից կազմակերպվելիք արտահերթ ընտրությունները կտրուկ մերժող և այն դավաճանության հավասարեցնող ՀՅԴ-ն այժմ, երբ վարչապետը հայտարարեց արտահերթ ընտրությունների օրը, չի կողմնորոշվել՝ մասնակցելո՞ւ է Նիկոլ Փաշինյանի կազմակերպած ընտրություններին, թե՞ ոչ։  

Դաշնակցության ներկայացուցիչները մեզ հետ զրույցում այսօր պնդեցին, թե չեն քննարկել արտահերթին մասնակցել-չմասնակցելու հարցը։ «Դաշնակցությունը հիմա նիստ կանի, կքննարկի»,- այս մասին Civic.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Լիլիթ Գալստյանը։ 

Հիշեցմանը, որ նախկինում ՀՅԴ-ն «Հայրենիքի փրկության շարժման» հետ միաձայն հայտարարում էր, թե Նիկոլ Փաշինյանի կազմակերպած ընտրություններին մասնակցելը բացառվում է, հիմա ի՞նչ է փոխվել, Գալստյանն ասաց «Մենք ասել ենք, որ մեր օրակարգում է Նիկոլ Փաշինյանի ժամ առաջ հեռացումը եւ մենք կասկածի տակ ենք դրել Նիկոլ Փաշինյանի կազմակերպած ընտրությունների թափանցիկությունը, բարոյական եւ քաղաքական լեգիտիմությունը, իսկ այս պահի մասին չեմ կարող ոչինչ ասել, պետք է քննարկում ունենանք»։ 

Արձագանքելով մեր այն պնդմանը, որ ըստ էության ՀՓՇ-ի եւ Դաշնակցության օրակարգը տապալվել է, Գալստյանն ասաց «Ոչ, բացարձակապես չի տապալվել, ընդհակառակը՝ եթե մի բան դրդել է Նիկոլ Փաշինյանին արտահերթ ընտրությունների գնալուն՝ դա հանրային ճնշման եւ հանրային փրկության շարժման ճնշման արդյունքն է»։

Հիշեցնենք, որ չնայած այժմ ՀՅԴ-ն քննարկելու է Նիկոլ Փաշինյանի կազմակերպած արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցել-չմասնակցելու հարցը, մարտի 5-ին «Հայրենիքի փրկության շարժման» ներկայացուցիչ, ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը հայտարարել էր, թե արտահերթ ընտրությունը Նիկոլ Փաշինյանի արհեստական փրկօղակն է եւ, որ իրենց օրակարգում ընտրությունների գնալու հարց չկա։ 

Նույնը նախկինում հայտարարել էր ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը, ասելով, որ արտահերթ ընտրությունները չեն կարող լինել գործող վարչապետի գլխավորությամբ։ 

ՀՅԴ-ի վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանն էլ հայտարարել է, որ արտահերթ ընտրությունների գնալը կլինի խայտառակություն «Դա կնշանակի լեգիտիմացնել ամբողջ այս դավաճանությունը, որ մինչեւ հիմա եղել է»։

Գեղամ Ադյան