Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Լուսավոր Հայաստանը» դեմ է քվեարկելու Ընտրական օրենսգրքի առաջարկվող տարբերակին, եթե այն բերվի խորհրդարան․ Աննա Կոստանյան

Civic.am-ի հյուրը «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանն է, ում հետ զրուցել ենք արտահերթ խորհրդրանական ընտրությունների մասին։

Արդեն պարզ դարձավ, որ արտահերթ ընտրությունները կկայանան հունիսի 20-ին։ Աննա Կոստանյանը նշեց, որ «դեռ վերջնական պարզ չէ՝ ընտրությունների կգնանք գործո՞ղ, թե՞ նոր Ընտրական օրենսգրքով»։ Կոստանյանն անդրադառնալով հարցին, թե մտավախություն չունեն, որ քննադատությունների են ենթարկվելու հապճեպ ընտրությունների կողմնակից լինելու համար, Նիկոլ Փաշինյանի հետ համաձայնեցված ժամկետներ նշանակելու համար, ասաց, որ ցանկացած պարագայում իրենց ուղղված քննադատություններ լինելու են:

«Մենք նշել ենք, որ ցանկացած օրենսգրքով ենք պատրաստ գնալ ընտրությունների՝ կլինի հին, կլինի նոր, սա արդեն կախված է իշխանության կամքից, նախաձեռնողականությունից»,- ասաց Կոստանյանը։

Պատգամավորը նշեց, որ «Լուսավոր Հայաստանը» դեմ է քվեարկելու Ընտրական օրենսգրքի առաջարկվող տարբերակին, եթե այն բերվի խորհրդարան։ Սակայն նկատեց, որ ամենավատ օրենսգրքով էլ հնարավոր է անցկացնել լավ ընտրություններ, և հայառակը՝ ամենալավ օրենսգրքով անցկացնել շատ վատ ընտրություններ. «Հարցը կամք դրսևորելու մեջ է»։ 

Քաղաքական գրեթե բոլոր ուժերը, ըստ պատգամավորի, պատրաստակամություն են հայտնել մասնակցել արտահերթ ընտրություններին։ «Կարծում եմ այս ժամկետում նշանակված արտահերթ ընտրությունները լինելու են լավագույն տարբերակը։ Սա, կարծում եմ, արտախորհրդարանական ուժերի համար ինքնադրսևորվելու ինչ-որ հեռանկար է», - ասաց Աննա Կոստանյանը։
 
Մանրամասները՝ տեսանյութում:
 
Վովա Հակոբյան