Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դեսպան Վարուժան Ներսեսյանն իր հավատարմագրերն է հանձնել Եղիսաբեթ Երկրորդ թագուհուն

Դեսպան Վարուժան Ներսեսյանն իր հավատարմագրերն է հանձնել Եղիսաբեթ Երկրորդ թագուհուն
Քաղաքականություն / Հայաստան
22:27, 09 март 2022
Ս.թ. մարտի 8-ին՝ Բուքինգհեմյան պալատում, Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսեսյանն իր հավատարմագրերը հանձնեց Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Թագուհի, Նորին Մեծություն, Եղիսաբեթ Երկրորդին:

Հանդիպմանը դեսպանը շնորհավորեց թագուհուն գահակալման «պլատինե» հոբելյանի կապակցությամբ՝ մաղթելով քաջառողջություն և հաջողություններ:
Դեսպանն ընդգծեց իր հանձնառությունը հայ-բրիտանական հարաբերությունների հետագա զարգացմանն ու ընդլայնմանը:

Հավատարմագրերի հանձնման արարողությանը հաջորդեց ՀՀ դեսպանության կողմից կազմակերպված ընդունելությունը, որին ներկա էին ՄԹ արարողակարգի ղեկավար, Մարշալ Ալիսթր Հարիսոնը, Ֆորին Օֆիսի պաշտոնյաներ, ՄԹ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, բրիտանացի խորհրդարանականներ, հոգևորականներ և հայ համայնքի ներկայացուցիչներ:

Ալիսթր Հարսոնն իր ողջույնի խոսքում շնորհավորեց դեսպանին հավատարմագրերը հանձնելու կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ հետագա գործունեության մեջ: 
 
Դեսպան  Ներսեսյանն իր ելույթում  նշեց, որ  այս տարին ՀՀ և ՄԹ համար խորհրդանշական տարի է, քանզի վերջիններս տոնում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյա հոբելյանը, ինչը կարևոր հանգրվան է հայ-բրիտանական երկկողմ հարաբերություններին նոր խթան հաղորդելու և համագործակցության հեռանկարային  ոլորտներ ուրվագծելու համար:

Այնուհետև դեսպանը հակիրճ ներկայացրեց 3 տասնամյակների ընթացքում երկկողմ փոխգործակցության ձեռքբերումներն ու ապագա անելիքները, Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը՝ բարձր գնահատելով ՄԹ կառավարության աջակցությունն այդ գործընթացներին: