Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արցախի ԱԳՆ հայտարարությունը Արցախի օկուպացված տարածքներ Ադրբեջանի նախագահի այցի կապակցությամբ

Արցախի ԱԳՆ հայտարարությունը Արցախի օկուպացված տարածքներ Ադրբեջանի նախագահի այցի կապակցությամբ
Քաղաքականություն
22:26, 18 март 2021
Բացարձակ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելով ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության տևական կարգավորմանն ուղղված շարունակական ջանքերի նկատմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այցելել է Արցախի Հանրապետության օկուպացված Հադրութի շրջան:

Օկուպացված տարածքներում գտնվելու ժամանակ նախագահ Ալիևն անձամբ հանձնարարել է իրեն ուղեկցող պաշտոնյաներին ջնջել միջնադարյան հայկական արձանագրություններն օկուպացված տարածքներում գտնվող եկեղեցիների և հուշարձանների պատերից։

Նման պաշտոնական այցերն Ադրբեջանի հայատյաց ու ռազմատենչ, քաղաքականության, ինչպես նաև հետագա ագրեսիվ պլանների մարմնավորումն են:

Կոչ ենք անում համապատասխան միջազգային կազմակերպություններին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու հայկական մշակութային ժառանգության ոչնչացումն ու դատապարտելու Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը: Անգործությունն ու անտարբերությունը կարող են անկանխատեսելի հետևանքներ ունենալ: