Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քոչարյանական «5-րդ ալիքն» օգտագործում է ռուս-ուկրաինական պատերազմը՝ նեղկլանային շահերը սպասարկելու համար՝ առանց երկրի անվտանգության մասին մտածելու

Քոչարյանական «5-րդ ալիքն» օգտագործում է ռուս-ուկրաինական պատերազմը՝ նեղկլանային շահերը սպասարկելու համար՝ առանց երկրի անվտանգության մասին մտածելու
Քաղաքականություն
15:02, 11 март 2022
Քոչարյանական պրոպագանդան, միջոցների մեջ խտրականություն չդնելով, օգտագործում է անգամ ռուս-ուկրաինական պատերազմը՝ իր նեղկլանային, քոք մաշեցնող  շահերը սպասարկելու համար՝ առանց մտածելու «կողմնակի հետևանքների» մասին։   

«5-րդ ալիքի» «Հայլուր»-ը օրերս ռուս-ուկրաինական պատերազմի համատեքստում ռեպորտաժ էր պատրաստել  «կենսաբանական զենքի» մասին՝ իր յութուբյան ալիքում «Հայլուր»-ի տվյալ թողարկումը վերնագրվել էր այսպես՝ «Կենսաբանական զենք՝ աշխարհի դեմ. հետքերը Կիևից կարող են Երևան բերել»։ Վերնագրում մեջբերված է  «Հայլուր»-ի տվյալ թողարկման  ռեպորտաժներից մեկի «հերոսի»   խոսքից մի հատված։  Թե ով է այդ հերոսը՝ կանդրադառնանք ստորև, իսկ մինչ այդ արձանագրենք՝  հաշվի առնելով այն հանգամանքը, թե ինչ համաշխարհային ռեզոնանսներ կարող է առաջացնել «կենսաբանական զենք» հասկացությունը, և ինչպիսի նեգատիվ ուշադրություն կարող է բևեռվել Հայաստանի շուրջ,  նախկին նախագահին սպասարկող լրատվամիջոցի արածը այլ բան, քան սեփական երկրի անվտանգութան դեմ գործելու նողկալի փորձ անվանել հնարավոր չէ։  

Խնդրո առարկա ռեպորտաժում, մանրամասնենք, խոսվում է այն մասին, թե Ուկրաինայում կենսաբանական զենքի ստեղծման  հետ կապված «ՌԴ-ն հավաքել է ապացույցների տրցակ ու քրեական գործ հարուցել՝ ՌԴ-ի տարածքի մոտ կենսաբանական զենքի ստեղծման հանգամանքները քննելու համար»։ 

Եվ ահա, սույն ռեպորտաժում իր «փորձագիտական», «հեղինակային» կարծիքն է հայտնում Հայկ Այվազյան անունով մեկը՝ «Լույս տեղեկատվական-վերլուծական կենտրոն»-ի ղեկավարը,  ու ասում. «Եթե հիմա քրեական գործ է հարուցվում, ապա վաղ թե ուշ այդ քրեական գործը և այդ քննչական մարմինները այդ նույն հետքերով գալու են նաև Հայաստան։ ...Եթե պարզվի, որ ՀՀ որոշ պաշտոնյաներ ներգրավված են եղել կամ իմացել են, որ այդ լաբորատորիաներում ռազմական նշանակության ինչ-որ հետազոտություններ են իրականացվում, ապա կարծում եմ, որ թե՛ Ռուսաստանի և թե՛ Չինաստանի մակարդակով այդ պաշտոնյաները ևս կարող են ենթարկվել քրեական հետապնդման»։ Ռեպորտաժի հեղինակն այնուհետ նշում է, որ դեռևս 2016-ից ՀՀ-ում  Պենտագոնի ֆինանսավորմամբ գործում են բիոլաբորատորիաներ, և, «դրանց ֆինանսավորման  աղբյուրները հաշի առնելով, Հայկ Այվազյանն ու իր թիմը առաջիններից էին, որ ահազանգել էին՝ կենսաբանական զենք կարող է մշակվել նաև ՀՀ-ում»։  

Հարկ է նշել, որ «Հայլուրի» խմբագրակազմին այդքան հուզած թեման  առաջին անգամ չէ, որ որոշ շահագրգիռ ուժերի կողմից բարձրացվում է։  Դեռևս 2018-ին էլ, երբ կրկին բարձրացվեց լաբորատորիաների հարցը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը  ռուս գործընկերների հետ շրջայց էր կազմակերպել հիշյալ լաբորատորիաներ, այնուհետ «Կոմերսանտ»-ին հայտնել էր, որ դրանք ընդհանրապես ռազմական նշանակություն չունեն, այլ բացառապես առողջապահական նպատակներով են։ Ու թեև ռեպորտաժում ևս խոսվում է վարչապետի այս հավաստիացման մասին,  սակայն «հայլուրական» պրոպագանդան առաջին պլան է բերում Այվազյանի նեղանձնական  ենթադրությունների հիման վրա հայտնած կարծիքը՝  լսարանի ուշադրությունը միտումնավոր բևեռելով դրա վրա։ 

Նշենք նաև, որ  Ն. Փաշինյանի անձնական կարգադրությամբ դեռևս 2018-ին ռուս մասնագետները լաբորատորիաներին հասանելիություն ստացան։ «Նրանք հասանելիության հետ կապված երբեք խնդիր չեն ունեցել և չեն ունենա այն պահից, երբ ես դարձա ՀՀ վարչապետ»,- ընդգծել էր Փաշինյանը՝ միաժամանակ նշելով, որ լաբորատորիաները ՀՀ իշխանությունների լիարժեք վերահսկողության տակ են։

Հայկ Այվազյանն առաջին անգամ չէ, որ հայտնում է իր «փորձագիտական» կարծիքը

Դեռևս 2016 թվականի նոյեմբերին Երևանում տեղի էր ունեցել «Բժշկա-կենսաբանական լաբորատորիաները Հայաստանի անվտանգության և ինքնիշխանության համատեքստում» թեմայով համաժողով, որի ժամանակ  կարծիք էր հնչել, թե ՀՀ-ում ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի «Վտանգների նվազեցման գործակալության» ֆինանսավորմամբ 2016 թվականից  Երևանում, Գյումրիում և Իջևանում բացված ռեֆերենս լաբորատորիաները  «կասկածելի» նպատակներ են հետապնդում, ընդհուպ՝ ստեղծում են կենսաբանական զենք, որը կարող է օգտագործվել Հայաստանի բնակչության դեմ։ Ընդգծենք, որ լաբորատորիաները գտնվում են ՀՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ, Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնաճյուղերն են և կոչվում են «Ռեֆերենս լաբորատոր կենտրոն»։  Մասնավորապես նույն Հայկ Այվազյանը մի ուսումնասիրություն էր հրապարակել, որում նշում էր, թե հիշյալ   լաբորատորիաները կարող են կենսաբանական զենք արտադրել և այն օգտագործել «ՌԴ ռազմավարական դաշնակից Հայաստանի բնակչության դեմ»: Թեմայի վերաբերյալ  մեկնաբանություն  էր տարածել Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը՝ նման տեղեկությունները որակելով քարոզչական։ 

 Առողջապահության նախարարության և ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն»-ն էլ  վերոհիշյալ  պնդումները անհեթեթ էին որակել։ ՀՀ առողջապահության նախարարությունը fip.am-ին հայտնել էր նաև, որ ռեֆերենս լաբորատորիաները օժանդակություն են ստանում նաև ՌԴ կառավարությունից։  Նշենք, որ ԵԱՏՄ շրջանակներում ֆինանսատեխնիկական աջակցություն ցուցաբերելու համաձայնագրով ՌԴ-ի կողմից ՀՀ-ն ստացել է թվով 14 տարբեր տեսակի սարքավորումներ, կահույք և կահավորված երկու շարժական լաբորատորիաներ։ Լաբորատորիաների գործունեության և ՌԴ-ից ֆինանսավորման մասին 2017 թ.-ին  անդրադարձել էր նաև ռուսական պետական «Սպուտնիկ Արմենիա» լրատվական գործակալությունը։ 
 
Չնայած այն հանգամանքին, որ կենսաբանական զենքի մասին հնչած տեսակետերը պաշտոնապես հերքվել էին  պատկան մարմինների կողմից, թեմային «երկրորդ շնչառություն» տրվեց 2017-ի մայիսին, երբ  Հայաստանում գործող ռուսական Regnum գործակալությունը այս թեմայով  մի ուսումնասիրություն հրապարակեց,  որի հեղինակը, ինչպես  fip.am-ն էր նշել,  նույն Հայկ Այվազյանն էր՝ «Հայլուր»-ի փորձագետը։  Ի դեպ, Այվազյանի ֆեյսբուքյան էջի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ նա ընդգծված հակաիշխանական դիրքորոշում ունի։ Նախօրեին էլ որպես Հայաստանի հականացիստական ճակատի անդամ մասնակցում էր  ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ կազմակերպված ակցիային, որը ռուսերենով կոչ էր անում դատապարտել նացիզմը։ Ակցիային մասնակցում էին նաև ԱԺ նախկին պատգամավոր Հայկ Բաբուխանյանը, վարչապետի հրաժարականի պահանջով ստորագրահավաք իրականացնող  «Ազատագրական շարժման» անդամ Վահագն Չախալյանը և այլք։

«Հայլուր»-ը մոռացել է նշել ՀՀ-ի և ՌԴ-ի միջև ստորագրված հուշագրի մասին     

 
Հարկ է նշել, որ Հայաստանն ու ՌԴ-ն 2021-ին  ստորագրել են դեռևս  2019 թ.-ից բանակցված՝  ՀՀ-ում գործող բիոլաբորատորիաներ ՌԴ մասնագետների մուտքի վերաբերյալ հուշագիրը: Այս գերկարևոր ինֆորմացիայի մասին, նկատենք, ոչ մի խոսք չկա  աղմուկ հանած ռեպորտաժում, քանի որ ակնհայտ է դրա  նպատակը՝ սենսացիա՝ առանց հետևանքների մասին հոգ տանելու։  «Հայաստանն ու Ռուսաստանը միջկառավարական հուշագիր են ստորագրել կենսաբանական անվտանգության ապահովման վերաբերյալ»,- ԱԳ նախկին նախարար Արա Այվազյանի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ անցյալ տարի մայիսին  հայտարարել էր  ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ նշելով, որ փաստաթուղթը կարևոր ներդրում է ունենալու «այդ զգայուն ոլորտում համագործակցության մեջ»։  Հիշեցնենք նաև, որ 2020 թվականի մայիսին Հայաստանի ԱԳՆ-ն պարզաբանել էր, որ հուշագրի նախագիծը չի նախատեսում որևէ կողմի իրավունք մուտք գործելու լաբորատորիա կամ միակողմանի վերահսկողություն իրականացնելու դրանց նկատմամբ:

Հարկ է նշել, որ ՌԴ-ն նոր չէ, որ անդրադառնում է բիոլաբորատորիաների խնդրին։ Այդ երկիրը  քանիցս քննադատել է ԱՄՆ-ին իր սահմանների մոտ «ռազմական բժշկակենսաբանական ակտիվության» համար՝ բարձրացնելով  հիշյալ  լաբորատորիաների գործունեությունն իր համար թափանցիկ դարձնելու հարցը։ Ռուս-ուկրաինական պատերազմը առիթ է հիշյալ լաբորատորիաների գործունեությանը կրկին անդրադառնալու համար։ Նշենք, որ  ԱՄՆ-ի աջակցությամբ արդիականացված լաբորատորիաներ,  Ուկրաինայից և ՀՀ-ից  բացի, գործում են նաև Վրաստանում և Ղազախստանում:

Հեղինե Մանուկյան