Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Միրզոյանը և Չավուշօղլուն խոսել են հանդիպման արդյունքների մասին

Միրզոյանը և Չավուշօղլուն խոսել են հանդիպման արդյունքների մասին
Քաղաքականություն
13:58, 12 март 2022
Հայաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանն ու Մևլութ Չավուշօղլուն Անթալիայում ունեցած հանդիպումից հետո անդրադարձել են հանդիպման արդյունքներին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Անադոլու» գործակալությունը հայտնում է, որ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հանդիպումը որակել է «շատ կառուցողական ու արդյունավետ»: «Քննարկվել են քայլեր՝ ուղղված հարաբերությունների լիարժեք կարգավորմանը»,- նշել է Թուրքիայի ԱԳ նախարարը:

Թուրքական լրատվամիջոցի փոխանցմամբ՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն էլ ասել է, որ Երևանը ջանքեր կգործադրի Անկարայի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ: Նշվում է, որ Միրզոյանը հաստատել է Հայաստանի վճռականությունը «հարավային Կովկասում խաղաղության ու կայունության հաստատմանն ուղղված ջանքեր գործադրելու հարցում»:

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մարտի 10-12-ը Անթալիայում է, որտեղ մասնակցում է Անթալիայի դիվանագիտական ֆորումին: Ֆորումի շրջանակում Միրզոյանը հանդիպել է նաև ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և  Ավստրիայի եվրոպական և արտաքին գործերի դաշնային նախարար Ալեքսանդր Շալենբերգի հետ: