Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Օնիկ Գասպարյանի գործոնը թե՛ քաղաքական, թե՛ ռազմական առումով «չեզոքացված է», բայց նախկինները շարունակում են «խաղարկել» այն

Օնիկ Գասպարյանի գործոնը թե՛ քաղաքական, թե՛ ռազմական առումով «չեզոքացված է», բայց նախկինները շարունակում են «խաղարկել» այն
Քաղաքականություն
13:50, 19 март 2021
Ռևանշի հասնելու ծրագրերը չթաքցնող նախկին իշխանությունն այլևս չի թաքցնում, որ ինքն է կանգնած ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի գործոնը «խաղարկելու» «խրամատում»։ Եվ որ ռազմական հեղաշրջմամբ իշխանության գալու ծրագիրը տապալելուց հետո այժմ էլ փորձում է իրավական ճանապարհով խնդիրներ ստեղծել։  

Եթե մոտ 2 շաբաթ առաջ պաշտպանության նախարարության շենքի առաջ կազմակերպված ակցիայի ժամանակ հայտարարվում էր, թե այն իրականացնում են Օնիկ Գասպարյանի նախկին զորամասի զինծառայողները, ապա հիմա Գասպարյանի ու ԳՇ պետի տեղակալ Տիրան Խաչատրյանի պաշտպանությանը լծված են նախկին իշխանության պաշտպանությունն իրականացնող փաստաբաններ և փաստաբանական գրասենյակներ, իրավապաշտպաններ և աջակիցներ։  

Այսպես՝ Օնիկ Գասպարյանի ու Տիրան Խաչատրյանի պաշտպանությանը լծվել է նախկին իշխանությանը սպասարկող փաստաբանական թիմը՝ մասնավորապես Քոչարյանի թիմը։ 

Կոնկրետ Օնիկ Գասպարյանի պաշտպանությունն իրականացնում է  «Կոնցեռն-դիալոգ» փաստաբանական ընկերությունը, որն ի դեմս փաստաբաններ Արամ Օրբելյանի և Հովհաննես Խուդոյանի, իրականացնում է նաև Ռոբերտ Քոչարյանի պաշտպանությունը։
Օնիկ Գասպարյանի շահերի ամենակտիվ պաշտպանը վերջին շրջանում Ռոբերտ Քոչարյանի իրավունքների պաշտպանությամբ հայտնի իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն է, որը երեկ հայտարարել է, թե «Կառավարությունն ի խախտումն Սահմանադրության և իրավակարգի՝ փաստացի հայտարարել է, որ թքած ունի իրավունքի գերակայության վրա և չի պատրաստվում կատարել Վարչական դատարանի որոշումը»։

Չնայած երեկ հայտարարվեց, թե Օնիկ Գասպարյանը գնում է ԳՇ՝ աշխատանքի, նրա կայացրած որոշումները չեն կարող իրավազոր լինել, քանի որ, ըստ կառավարության, նա օրենքի ուժով և Սահմանադրությամբ  ազատված է աշխատանքից։ Բացի դա, օրեր առաջ պաշտպանության նախարարություն Նիկոլ Փաշինյանի այցի ժամանակ պարզ երևաց, թե ՀՀ Զինված ուժերն ու ԳՇ-ն իրականում ում են ենթարկվում։ 

Հետևաբար, ռազմական առումով նրա գործոնն արդեն չեզոքացված է, իսկ քաղաքական առումով Օնիկ Գասպարյանը որևէ կերպ չի ընկալվում, որքան էլ Վազգեն Մանուկյանը նրան հորդորում էր իշխանություն վերցնել, թերևս հետո իրեն այդ իշխանությունը փոխանցելու հեռանկարով։ Այսօր արդեն անկհայտ է, որ Գասպարյանը լծակներ չունի՝ նախկին իշխանության ցանկությունները կատարելուվ համար։ 
Չնայած սրան՝ Վազգեն Մանուկյանը երեկ կրկին սպառնացել է «համապատասխան քայլերով», եթե զինված ուժերը չկատարեն Վարչական դատարանի որոշումը։ 

«Ստեղծած իրավիճակում կոչ ենք անում ՀՀ զինված ուժերին՝ անշեղորեն առաջնորդվել օրենքով՝ դատարանի որոշմամբ, չենթարկվել որևէ ապօրինի հրամանի և շարունակել իրականացնել իր սահմանադրական առաքելությունը»,-հայտարարել է Մանուկյանը՝ հավելելով, որ «Փաշինյանի վարչախմբի կողմից հակապետական և ապօրինի գործողությունները շարունակելու պարագայում Շարժումը կձեռնարկի իրավիճակին համապատասխանող բոլոր անհրաժեշտ քայլերը»:
 
Թերևս արժե հիշեցնել Վազգեն Մանուկյանին, որ երեկվանից, երբ հայտարարվեց հունիսի 20-ին արտահերթ ընտրություն անցկացնելու մասին, արդեն Հայրնիքի փրկության շարժումը, որպես այդպիսին, գոյություն չունի։

Մարինե Խառատյան