Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ ԱԳՆ-ի դիմումը ՄԽ եռանախագահ երկրներին այն է, ինչը բխում է կոնֆլիկտի կարգավորման շահերից. Ռուբեն Մեհրաբյանը՝ Ադրբեջանի առաջարկած խաղաղության պայմանագրի մասին

ՀՀ ԱԳՆ-ի դիմումը ՄԽ եռանախագահ երկրներին այն է, ինչը բխում է կոնֆլիկտի կարգավորման շահերից. Ռուբեն Մեհրաբյանը՝ Ադրբեջանի առաջարկած խաղաղության պայմանագրի մասին
Քաղաքականություն
18:36, 14 март 2022
Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլլաևան հայտարարել է, թե Բաքուն պատրաստ է բովանդակային, ինտենսիվ բանակցությունների Երևանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման շուրջ, եթե Հայաստանը ընդունի 5 հիմնարար սկզբունքները:

Հայաստանի Հանրապետությունն էլ պատասխանել է Ադրբեջանի Հանրապետության կողմից փոխանցված առաջարկներին և ՄԱԿ կանոնադրության, Քաղաքական և քաղաքացիական իրավունքների միջազգային դաշնագրի և Հելսինկիի Եզրափակիչ ակտի հիման վրա Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության պայմանագրի կնքման նպատակով բանակցություններ կազմակերպելու համար դիմել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը։

Այս առնչությամբ Civic.am-ը զրուցել է քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի և ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անուշ Բեղլոյանի և հետ։ 

Ռուբեն Մեհրաբյանի խոսքով՝ Ադրբեջանը բացահայտել է, թե ինչ է ակնկալում Հայաստանից, Հայաստանն էլ, փաստորեն, առանց բովանդակային հրապարակայնորեն դիրքորոշում հայտնելու, ներկայացրել է իր մոտեցումը, այն է՝ որ հարցը լուծում ստանա, բոլոր դեպքերում, ԵԱՀԿ ՄԽ եռանախագահության շրջանակներում, այսինքն՝ այնպես, ինչպես թելադրված է Հայաստանի և Ադրբեջանի միջազգային պարտավորություններով՝ համաձայն այն փաստաթղթերի, որոնք Հայաստանը և Ադրբեջանը մինչ այդ ստորագրել են։
Հետևապես քաղաքագետը կարծում է, որ հայկական դիվանագիտության պատասխանը միանգամայն ճշգրիտ է և բխում է իրավիճակից, բացի դրանից, ինքնին խաղաղ հարևանությունը մեր հարևան երկրների հետ միանգամայն բանական է ու տեղավորվում է տրամաբանության մեջ և նաև՝ հայտարարված քաղաքական կուրսի շրջանակներում։ 

«Եվ դիմումը ՄԽ եռանախագահ երկրներին, ընդ որում՝ երեքին էլ միաժամանակ, կարծում եմ՝ այն է, ինչը բխում է ընդհանրապես կոնֆլիկտի կարգավորման շահերից։ Բայց, այնուամենայնիվ, այս հարցի բովանդակությանը պետք է անդրադառնալ։ Ի վերջո, ադրբեջանական կողմը ներառել է միայն այն հարցերը, որոնք հետաքրքիր է բացառապես իրեն, կարծես թե այնտեղ որևէ խնդիր չկա։

Մինչդեռ հիմնական խնդիրն այնտեղ Արցախի կարգավիճակն է՝ թելադրված այնտեղ ապրող հայկական մեծամասնության հետագա գոյությամբ։ Այսինքն՝ դա այն է ինչ հայկական կողմն է միշտ պնդել։ Ըստ էության, դա է կոնֆլիկտի պատճառը, որովհետև այդ գոյությանը ադրբեջանական պետությունը մշտապես ուղղակի  ֆիզիկական սպառնալիք է առաջացրել, հետևապես այդ հարցը շրջանցելով, այդ հարցին որևէ պատասխան չտալով՝ Ադրբեջանը փորձում է շոշափել այն հարցերը, որոնք բացառապես միայն իրեն են հետաքրքիր՝ անունն էլ դնելով խաղաղության պայմանագիր և հայկական կողմի գրպանը գցելով այն, որ իբր իրենք խաղաղության կողմնակից են, դրան դեմ են հայերը, մինչդեռ դա այդպես չէ»,- ասաց Ռուբեն Մեհրաբյանը։ 

Ի հավելումն նա նշեց՝ որպեսզի թյուրիմացություններ չառաջանան, հայկական կողմը դիմում է ՄԽ եռանախագահությանը՝ ակնկալելով որոշակի արբիտրաժային մոտեցում եռանախագահ երկրներից՝ այս հարցի շուրջ համապարփակ մոտեցում ձևավորելու և հարցին վերջնական լուծում տալու ակնկալիքով։   

Անուշ Բեղլոյանն էլ նշեց, որ այն բանակցային պայմանները, որն Ադրբեջանն առաջ է քաշել, միանգամայն քննարկելի են ՄԽ ֆորմատի շրջանակներում, և մեր ԱԳՆ-ն դրա մասին շատ հստակ ասել է։ 

Խոսելով նաև Ադրբեջանի ներկայացրած կետերից տարածքային ամբողջականության ճանաչման մասին՝ պատգամավորն ասաց, որ տարածքային ամբողջականությունը ևս բանակցային հասկացություն է։ 

«Տարածքային ամբողջականությունը կողմերը կարող են տարբեր կերպ հասկանալ։ Առաջին հերթին ցանկացած բանակցության վերաբերյալ մենք պետք է հասկանանք, թե այն եզրույթները, որոնցով մենք առաջնորդվում ենք, նույն ձևի՞ են հասկացվում բանակցային կողմերի տեսակետից։ Ինչ վերաբերում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը, ապա այնպես, ինչպես դա Հայաստանն է  ընկալում, և այնպես, ինչպես մենք դա ընդունել ենք՝ ստորագրելով մի շարք միջազգային պայմանագրեր միջազգային կազմակերպություններում անդամակցության վերաբերյալ, որտեղ նաև Ադրբեջանը կա որպես անդամ, դա գոյություն ունի, և դա փաստ է։ Բայց արդյոք տարածքային ամբողջականությունը, ինչը նկատի ունի Ադրբեջանը, հստակ սահմանվա՞ծ է բանակցային տրամաբանության ներքո։ Այնպես որ, ինքը, որպես հայտարարություն, ոչ թե որպես վերջնական պայմանագիր, ոչ թե որպես պարտավորություն, մենք կարող ենք բանակցել, բայց արդյոք մենք հասկանո՞ւմ ենք տարածքային ամբողջականությունը այնպես, ինչպես բոլոր կողմերն են հասկանում»,- ասաց Անուշ Բեղլոյանը։  

Նա նշեց, որ այստեղ շատ ճիշտ է մեր ԱԳՆ-ն ասել, որ մենք պետք է միջազգային միջնորդների օգնությանը դիմենք, քանի որ կողմերի տարբեր պատկերացումներն անհրաժեշտ է մոտեցնել միջազգային միջնորդների օգնությամբ, իսկ միջազգային լեգիտիմ հարթակը ՄԽ համանախագահների ֆորմատն է։   

Լիլիթ Թադևոսյան