Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանի արտգործնախարարությունից պատասխանել են Արարատ Միրզոյանին

Ադրբեջանի արտգործնախարարությունից պատասխանել են Արարատ Միրզոյանին
Քաղաքականություն
20:25, 15 март 2022
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը պատասխանել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հարցազրույցին՝ հայտարարելով, թե «եթե Հայաստանը ևս լուրջ է վերաբերվում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների նորմալացման և տարածաշրջանում խաղաղության կառուցման հարցին, ապա պետք է իր կոնկրետ առաջարկները ներկայացնի»: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությանը հայտնել են Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության վարչությունից:

«Կարիք չկա կրկնելու մեր այն դիրքորոշումը, որը բազմիցս շարադրել ենք: Հաշվի առնելով երկու երկրների միջև հարաբերությունների նորմալացման և հակամարտությունից հետո տարածաշրջանում խաղաղության կառուցման կարևորությունը՝ Ադրբեջանը առաջ է քաշել համապատասխան առաջարկություններ և պատրաստ է առաջ շարժվելու այդ ուղղությամբ: Եթե Հայաստանը նույնպես լուրջ է վերաբերվում այդ հարցին, ապա պետք է իր կոնկրետ առաջարկները ներկայացնի և դրանով ցուցադրի իր պատրաստակամությունը սկսելու առարկայական և արդյունքների միտված բանակցություններ», - նշված է Ադրբեջանի ԱԳՆ մեկնաբանությունում:

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մարտի 15-ին «Արմենպրես»-ին տված հարցազրույցում անդրադարձել էր ադրբեջանական կողմի ներկայացրած 5 կետերին խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ սկսելու վերաբերյալ և առաջին հերթին ընդգծել էր, որ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները պիտի ընթանան առանց նախապայմանների:

«Ինչ վերաբերում է բուն առաջարկներին, ապա երկու երկրները, դեռևս 1991 թվականի դեկտեմբերի 8-ին համատեղ ստորագրելով «Անկախ պետությունների համագործակցության ստեղծման մասին» համաձայնագիրը, ըստ էության, արդեն իսկ ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը և ընդունել են, որ չունեն միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ։ Հարկ է նկատել նաև, որ առաջարկում նշված կետերն ամբողջությամբ չեն արտացոլում առկա խնդիրների ողջ օրակարգը։ Հայկական կողմի համար սկզբունքային և հիմնարար է, որ հստակ երաշխավորվեն արցախահայության իրավունքները և ազատությունները, վերջնականապես հստակեցվի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը», - ասել էր Հայաստանի արտգործնախարարը:

Մարտի 11-ին Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել էր, որ Բաքուն Երևանին է ուղարկել հարաբերությունների կարգավորման վերաբերյալ 5 կետից բաղկացած փաստաթուղթ և սպասում է պատասխանի: Մարտի 14-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հանրայնացրել էր ուղարկված 5 կետերի բովանդակությունը՝ նշելով, թե Բաքուն պատրաստ է խաղաղության պայմանագրի շուրջ Երևանի հետ բանակցությունների այն պայմանով, որ Հայաստանը կընդունի այդ «հինգ հիմնարար սկզբունքները»:

Ըստ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Լեյլա Աբդուլաևայի, հինգ կետից բաղկացած փաստաթղթի նախագծում հետևյալ դրույթներն են.

- Միմյանց ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, սահմանների անքակտելիության և միմյանցից քաղաքական անկախության փոխադարձ ճանաչում,
- Փոխադարձ հաստատում միմյանց նկատմամբ տարածքային հավակնություններից և իրավական պարտավորություն ապագայում ևս նման ոտնձգություններից հրաժարվելու մասին,
- Կողմերը պարտավորվում են ձեռնպահ մնալ միջպետական հարաբերություններում միմյանց անվտանգությանը սպառնալուց, քաղաքական անկախության և տարածքային ամբողջականության դեմ սպառնալիքներ և ուժ կիրառելուց, ինչպես նաև այլ հանգամանքներից, որոնք հակասում են ՄԱԿ-ի կանոնադրությանը,
- Պետական սահմանի սահմանազատում և սահմանագծում և դիվանագիտական հարաբերությունների հաստատում,
- Տրանսպորտային ուղիները և հաղորդակցությունների բացում, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում այլ համապատասխան հաղորդակցությունների և համագործակցության հաստատում:

Չնայած հարաբերությունների կարգավորման, տարածաշրջանում խաղաղության հաստատման Բաքվի պատրաստակամության բարձրագոչ հայտարարություններին՝ Ադրբեջանը ճիշտ հակառակն է անում գործնական դաշտում՝ մի կողմից շարունակելով ոչնչացնել Լեռնային Ղարաբաղի և հարակից շրջանների հայկական պատմամշակութային ժառանգությունը, մյուս կողմից պարբերաբար սրելով լարվածությունը թե՛ հայ-ադրբեջանական սահմանին, և թե՛ Արցախում: Նախորդ շաբաթ Արցախի Հանրապետության իշխանության մարմինները հաղորդում էին, որ ադրբեջանական զինուժը կրակում է հայկական մի շարք բնակավայրերի, մասնավորապես՝ Ասկերանի շրջանի Խրամորթ և Նախիջևանիկ, Մարտունու Խնուշինակ և Կարմիր շուկա համայնքների ուղղությամբ: Մարտի 10-ին ադրբեջանական կողմի կրակոցից իր տան բակում աշխատանքներ կատարելիս վիրավորում էր ստացել Խրամորթ գյուղի բնակիչը: