Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դատապարտում եմ խաղաղ բնակչության դեմ ցանկացած թշնամական գործողություն. Մարինա Կալյուրանդը՝ Արցախի հումանիտար հարցերի մասին

Դատապարտում եմ խաղաղ բնակչության դեմ ցանկացած թշնամական գործողություն. Մարինա Կալյուրանդը՝ Արցախի հումանիտար հարցերի մասին
Քաղաքականություն
11:17, 17 март 2022
Եվրախորհրդարանում Հարավային Կովկասի հետ հարաբերությունների հարցերով պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդն իր մտահոգությունն է հայտնել Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակի վերաբերյալ:

Իր հայտարարության մեջ նա կոչ է արել արագ վերսկսել բանակցությունները:

«Մարտի 8-ին Լեռնային Ղարաբաղ գազ մատակարարող գազատարը վնասվել էր այն հատվածում, որը գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ: Չնայած ցուրտ պայմաններին, խողովակաշարը չի վերանորոգվել, և Լեռնային Ղարաբաղի ամբողջ բնակչությունը զրկված է գազամատակարարումից արդեն մեկ շաբաթ: Անհրաժեշտ է անխոչընդոտ մուտք ապահովել այն տարածք, որտեղ վնասված է գազատարը, որպեսզի որքան հնարավոր է շուտ վերականգնվի գազի մատակարարումը»,-նշել է Մարինա Կալյուրանդը:

Նրա խոսքով, միևնույն ժամանակ մարտի սկզբին եղան ինչպես Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով, այնպես էլ հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի ռեժիմը խախտելու մասին տեղեկություններ, այդ թվում Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի մի քանի գյուղերի ուղղությամբ ականանետային ռմբակոծությունների մասին հաղորդումներ:  Ըստ Մարինա Կալյուրանդի եղել են նաև տեղեկություններ այն մասին, որ վերջին շաբաթների ընթացքում ադրբեջանական բանակը բարձրախոսներով տեղի հայ բնակչությանը գյուղերը լքելու կոչեր է հնչեցրել՝ ուժեղացնելով հոգեբանական ճնշումը և ուժի կիրառման սպառնալիք:

«Ես լրջորեն մտահոգված եմ այս զարգացումներով և Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակով: Խստորեն դատապարտում եմ խաղաղ բնակչության դեմ ուղղված ցանկացած թշնամական գործողություն։ Ես կրկնում եմ շուտափույթ բանակցությունների վերսկսման իմ կոչը և հիշեցնում ԵՄ-ի պատրաստակամությունն ուժեղացնելու աջակցությունը վստահության ամրապնդման, հումանիտար և այլ խնդիրների լուծման համար»,-նշել է Մարինա Կալյուրանդը: