Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանն ասում է՝ միջազգային հանրություն, էս կողմ մի նայեք, թույլ տվեք ավարտենք Արցախում էթնիկ զտումների քաղաքականությունը. Նման բան տեղի ունենալ չի կարող․ վարչապետ

Այսօր՝ մարտի 24-ին, Կառավարության հերթական նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Արցախում գազամատակարարման բացակայությանը:

«Արդեն երեք օր է՝ Արցախի Հանրապետության քաղաքացիները զրկված են բնական գազի մատակարարումից: Սա տեղի է ունեցել Ադրբեջանի միջամտության արդյունքում»,- ասաց վարչապետը և հիշեցրեց, որ մարտի 7-ին գազատարը պայթեցվել էր Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում, և ամենատարբեր պատճառներով Ադրբեջանը թույլ չէր տալիս գազատարի վերանորոգումը, և արդյունքում ինքը նորոգեց:

«Մեր տեղեկություններով՝ գազատարի վրա դրվել է փական, և ահա մարտի 18-ին 4 օրով Արցախի գազամատակարարումը վերականգնելուց հետո Ադրբեջանը մարտի 21-ին առանց պայթյունների պարզապես փակել է գազատարի փականը՝ այդպիսով ապացուցելով, որ ինքն է հեղինակել մարտի 7-ի պայթյունը և բնակարանները, մանկապարտեզները, դպրոցները զրկել գազամատակարարումից»,- տեղեկացրեց Նիկոլ Փաշինյանը և հավելեց, որ դրանք տեղի են ունեցել եղանակային բացառիկ պայմաններում: 

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Ադրբեջանի գործողությունների արդյունքում Արցախը հայտնվել է հումանիտար աղետի շեմին. «Ադրբեջանն իր գործողություններով նաև ծառայություն է մատուցում Արցախի ժողովրդին, որովհետև գազատարի հետ կապված այս դրվագը շատ դիպուկ և համառոտ նկարագրությունն է Արցախի հիմնախնդրի: Այս դրվագով միջազգային հանրությունը Արցախի հիմնախնդրի էությունը կարող է հասկանալ առանց հարյուրավոր էջեր թերթելու: Սա անառարկելիորեն ի ցույց է դնում Ադրբեջանի քաղաքականությունը արցախահայության նկատմամբ, այն է՝ անհնար դարձնել նրանց ապրելը սեփական հայրենիքում»:

Ինչպես նշեց վարչապետը, չնայած այն հանգամանքին, որ Ադրբեջանը թմբկահարում է 2020-ին իր փառահեղ հաղթանակի մասին, սակայն այն փաստը, որ այսքան տառապանքներից հետո Արցախում ապրում է շուրջ 117 հազար հայ, Ադրբեջանը համարում է իր ամենամեծ պարտությունը: «Ադրբեջանն ասում է՝ միջազգային  հանրություն, էս կողմ մի նայեք, թույլ տվեք ավարտենք Արցախում էթնիկ զտումների քաղաքականությունը: Նման բան տեղի ունենալ չի կարող»:

Մանրամասն՝ տեսանյութում: