Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ոչ թե պաշտոնական, այլ աշխատանքային․ ԱԺ-ի կողմից Արցախ գործուղված Թագուհի Թովմասյանը որոշել է այցը նաև սեփական PR-ի համար օգտագործել

Ոչ թե պաշտոնական, այլ աշխատանքային․ ԱԺ-ի կողմից Արցախ գործուղված Թագուհի Թովմասյանը որոշել է այցը նաև սեփական PR-ի համար օգտագործել
Քաղաքականություն
11:34, 25 март 2022
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանն իր համեստ անձը կարևորելու խնդիր է դրել իր առաջ։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ Թովմասյանը աշխատանքային այցով 2022 թվականի մարտի 22-25-ը գործուղվել է Ստեփանակերտ (Արցախի Հանրապետություն)՝ որպես  Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։ Բայց քանի որ, ինչպես ասացինք, տիկին Թովմասյանն իր անձը կարևորելու խնդիր ունի, այցը որոշել է ծառայեցնել սեփական PR-ին։ Նրան փաստացի պատկանող armlur.am կայքը, լուսաբանելով այցը, այն ներկայացնում է որպես «պաշտոնական այց»։ «Արցախ կատարած պաշտոնական այցի շրջանակներում Թագուհի Թովմասյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպեց նաև ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի հետ»,- գրել է կայքը։  

Նշենք, որ ԱԺ նախագահի կարգադրության մեջ նշված է միայն մեկ անձի՝ Թ. Թովմասյանին գործուղելու մասին, ոչ մի պատվիրակության մասին խոսք չկա։ Սակայն այցին ներկայացուցչական շուք հաղորդելու համար տիկինը որոշել է անհատական այցը, որն ի դեպ, շատ կարևոր խնդրով է,  մատուցել  որպես պատվիրակության այց,  որը գլխավորում է ինքը։ 

Նշենք, որ Թովմասյանը գործուղվել է փաստահավաք առաքելության նպատակով՝ Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամին տեղում  ծանոթանալու համար։ 

Ըստ կարգադրության՝ գործուղման հետ կապված ծախսերը՝ ճանապարհածախսը, օրապահիկը և գիշերավարձը, ըստ փաստացի կատարած ծախսերը հավաստող փաստաթղթերի, կատարելու են  Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին։ 

Թե ինչ պատվիրակություն է ուղեկցում Թովմասյանին և ում ֆինանսավորմամբ՝  հայտնի չէ։  Պատվիրակություն ասելով պատգամավորը հավանաբար նկատի ունի այցը լուսաբանող լրագրողին, օպերատորին, իր օգնականին և իրեն ուղեկցող այլ մասնավոր  անձանց։   
Համեստությունը հաստատ կզարդարեր տիկնոջը։