Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ստացել ենք հավաստիացումներ, որ Ռադայի թվիթում գրվածը պաշտոնական դիրքորոշում չի եղել. Հրաչյա Հակոբյանն անդրադարձել է Ուկրաինայի Գերագույն Ռադայի գրառմանը

Ստացել ենք հավաստիացումներ, որ Ռադայի թվիթում գրվածը պաշտոնական դիրքորոշում չի եղել. Հրաչյա Հակոբյանն անդրադարձել է Ուկրաինայի Գերագույն Ռադայի գրառմանը
Քաղաքականություն
14:21, 25 март 2022
Ուկրաինական կողմը հավաստիացրել է, որ  Ուկրաինայի Գերագույն Ռադայի «Թվիթեր»-ի էջի գրառումը պաշտոնական դիրքորոշում չի եղել և տեխնիկական սխալի արդյունք է: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Հայաստան-Ուկրաինա բարեկամական խմբի ղեկավար Հրաչյա Հակոբյանը:

«Խորհրդարանական դիվանագիտության և արտաքին քաղաքական գերատեսչության արագ աշխատանքի շնորհիվ մեծ աղմուկ բարձրացրած Ռադայի թվիթը հեռացվել է: Ստացել ենք հավաստիացումներ, որ թվիթում գրվածը պաշտոնական դիրքորոշում չի եղել և տեխնիկական սխալի արդյունք է»,- գրել է Հակոբյանը:

Հակոբյանը հույս է հայտնել, որ ապագայում նման թյուրիմացություններ տեղի չեն ունենա:

Ուկրաինայի Գերագույն Ռադայի «Թվիթեր»-ի պաշտոնական էջը հրապարակել էր Արցախի Հանրապետության Փառուխ գյուղ ադրբեջանական զորքերի ներխուժման հետ կապված գրառում: Գերագույն Ռադան նախ հրապարակել էր «Новини Збройних сил» տելեգրամյան ալիքի չճշտված տեղեկությունը, թե, իբր, «Ադրբեջանի զինուժը հարձակման է անցել Ղարաբաղում` օգտվելով Ռուսաստանի կողմից զինվորներին Ուկրաինա տեղափոխելու հանգամանքից», այնուհետև վերաշարադրել այդ հրապարակումը: Բացի այդ, Գերագույն Ռադան օգտագործել էր էմոջի` դրանով իսկ, կարծես, ողջունելով Ադրբեջանի կողմից Արցախում հայերի էթնիկ զտումները: Ավելի ուշ, Գերագույն Ռադան այդ գրառումը հեռացրել է: