Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Արցախում նոր ցեղասպանությունն ու Արցախի հայաթափումը կանխելու նպատակով կոչ ենք անում բոլորին միանալ հավաքին». արցախցի կանայք այսօր կրկին հավաք են նախաձեռնել Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում

Արցախում ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ այսօր, ժամը 12։00-ին արցախցի կայանք, «Հանուն Արցախի ապագայի» նախաձեռնությունը   Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կրկին հավաք են կազմակերպել։

Հավաքի նպատակը, ինչպես տեղեկացրել են դրա կազմակերպիչները, Արցախի ժողովրդի անվտանգության պահպանման հրատապ խնդիրը լուծելու պահանջն է։  

«Արցախում նոր ցեղասպանությունն ու Արցախի հայաթափումը կանխելու նպատակով կոչ ենք անում բոլորին միանալ»,- նշված է հայտարարության մեջ։ 

Նախաձեռնության հեղինակները ընդգծել են, որ հավաքը ապաքաղաքական է։ 

Հավաքի կազմակերպիչներից մեկը՝ Ալյոնա Սարգսյանը, իր Ֆեյսբուքյան էջում գրել է.
«Մեր հավաքը ապաքաղաքական է, խնդրում եմ զերծ մնալ շահարկումներից։ Մեր թշնամին այս պահին միայն թուրքն է։ Եկեք Վերածննդի հրապարակ, որպեսզի աշխարհը, թուրքը տեսնի, որ մենք չենք լքելու Արցախը։ Այս պահին պարտադիր է միաբանվելը։ Խնդրում, հորդորում եմ մեր օրակարգը չխախտել»։

Հիշեցնենք, որ մարտի 24-ին նույնպես արցախցի կանայք ակցիա էին կազմակերպել՝ բողոքելով Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակի, Ադրբեջանի ահաբեկչական գործողությունների դեմ։

Երեկ օրվա երկրորդ կեսին էլ  Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում  կրկին տեղի է ունեցել բողոքի ակցիա։  Ցուցարարները փողոց են դուրս եկել «Խաղաղապահնե՛ր, դուք խախտում եք նոյեմբերի 9-ի համաձայնագիրը», «Խաղաղապահնե՛ր, վերադարձրե՛ք Փառուխը» ռուսերենով գրված  ցուցապաստառներով:

Հիշեցնենք, որ մարտի 24-ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները, կոպտորեն խախտելով 2020թ. նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության պահանջները, ներխուժել են Արցախի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտի՝ վերահսկողության տակ վերցնելով Ասկերանի շրջանի Փառուխ գյուղն ու հարակից դիրքերը։ 

Մարտի 25-ին Արցախի արևելյան սահմանագոտում հակառակորդի ձեռնարկած սադրանքների, մասնավորապես` Bayraktar TB-2 տեսակի հարվածային անօդաչու թռչող սարքերի կիրառման հետևանքով մահացու վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային երեք զինծառայող՝  Դավիթ Ռոբերտի Միրզոյանը (ծնվ. 1978թ.), Իշխան Սերժիկի Օհանյանը (ծնվ. 1994թ.) և Արարատ Վագիֆի Թևոսյանը (ծնվ. 1990թ.):