Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ ԱԳՆ-ն արձանագրել է ՌԴ ՊՆ-ի քարտեզում այսօր ավելացված ադրբեջանական հենակետերը և ակնկալում է, որ խաղաղապահ զորախումբը կոնկրետ միջոցներ կձեռնարկի Ադրբեջանի զինված ուժերը դուրս բերելու համար

ՀՀ ԱԳՆ-ն արձանագրել է ՌԴ ՊՆ-ի քարտեզում այսօր ավելացված ադրբեջանական հենակետերը և ակնկալում է, որ խաղաղապահ զորախումբը կոնկրետ միջոցներ կձեռնարկի Ադրբեջանի զինված ուժերը դուրս բերելու համար
Քաղաքականություն
12:26, 28 март 2022
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը գոհունակությամբ արձանագրում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները հստակ գնահատական են տվել Լեռնային Ղարաբաղում իրադրության վերջին սրմանը՝ փաստելով, որ այն հետևանք է ադրբեջանական զորքերի շարժի:

Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից՝ նշելով, որ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հայտարարել է՝ բանակային ստորաբաժանումները հետ քաշելու կոչ է հղել ադրբեջանական կողմին:

Մարտի 27-ին էլ ՌԴ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, ըստ որի՝ ադրբեջանական կողմը իր ստորաբաժանումները դուրս է բերել Լեռնային Ղարաբաղի Փառուխ բնակավայրի հատվածից:

Այսուհանդերձ, ՀՀ ԱԳՆ-ն ստիպված է արձանագրել, որ ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժումը Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի շարունակվում է, ինչը արտահայտված է կից ներկայացված քարտեզներում:

Ակնկալում ենք, որ Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը կոնկրետ միջոցներ կձեռնարկի՝ ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժումը խաղաղապահների պատասխանատվության գոտի դադարեցնելու և Ադրբեջանի զինված ուժերը դուրս բերելու համար: Կարևոր ենք համարում, որ ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժման այս ողջ ընթացքում խաղաղապահ զորախմբի գործողությունների պատշաճ քննություն տեղի ունենա, և տրվեն մի շարք հարցերի պատասխաններ:

Ծանոթագրություն կցված քարտեզների.

Երկու քարտեզներում էլ ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտու ուրվագիծը վերցված է ՌԴ պաշտպանության նախարարության կայքէջից:

2022թ. մարտի 24-ի իրադրությունը նկարագրող քարտեզում հստակ երևում է, որ Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում ադրբեջանական հենակետեր չկան:

2022թ. մարտի 28-ի առավոտյան ժամը 09:00-ի իրադրությունը արտահայտող քարտեզում երևում է, որ Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում տեղադրված են ադրբեջանական հենակետեր: