Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Այս փուլում միայն համերաշխություն, համախմբվածություն և զսպվածություն է մեզ պետք․ Վահրամ Աթանեսյան

Այս փուլում միայն համերաշխություն, համախմբվածություն և զսպվածություն է մեզ պետք․ Վահրամ Աթանեսյան
Քաղաքականություն
18:22, 28 март 2022
Երեկ ՌԴ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, թե ադրբեջանական կողմը իր ստորաբաժանումները դուրս է բերել Լեռնային Ղարաբաղի Փառուխ բնակավայրի հատվածից: Սակայն այսօր ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն տարածեց, որ ստիպված են արձանագրել, որ ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժումը Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի շարունակվում է։ Բացի դրանից, ԱԳՆ-ի հայտարարության մեջ նշված է, որ 2022թ. մարտի 28-ի առավոտյան ժամը 09.00-ին իրադրությունը արտահայտող քարտեզում երևում է, որ Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում տեղադրված են ադրբեջանական հենակետեր: 
 
Այս առնչությամբ Civic.am-ը զրուցել է Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանի հետ։ 

- Պարոն Աթանեսյան, ինչպե՞ս եք գնահատում ՌԴ ՊՆ-ի կողմից այսօր քարտեզում կատարված այն փոփոխությունը, համաձայն որի՝ խաղաղապահների վերահսկողության տակ գտնվող տարածքում  ադրբեջանական հենակետեր են տեղադրվել։

- Չլինելով զինվորական և ռազմական քարտեզագետ՝ կդժվարանամ գոնե հավաստիությանը մոտ գնահատական հնչեցնել։ Վստահում եմ Արցախի տեղեկատվական շտաբի այսօր տարածած հաղորդագրությանը։ Չեմ կարծում, թե ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտու փոփոխություն է տեղի ունենում։ 

- Ըստ Ձեզ՝ ո՞րը պետք է լինի Արցախի իշխանության արձագանքը, քանի որ այդ դիտակետերը վերահսկողություն են սահմանում տարածքի վրա։

- Արցախի իշխանությունների արձագանքը կա, ձևակերպված է ՌԴ նախագահ Պուտինին Անվտանգության խորհրդի դիմումի քաղաքական շեշտադրումներով։ Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության բոլոր դրույթները պետք է հարգվեն, ստանձնած պարտավորությունները՝ կատարվեն։

- Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանն այսօր ուղերձ է հղել, որում մասնավորապես նշել է, որ իրավիճակի ճշգրիտ վերլուծության հնարավորություն ունենք բոլորս, և եթե Անվտանգության խորհրդում կան մարդիկ, ովքեր համաձայն չեն, առաջ չենք շարժվում։ Ինչպես նաև, եթե Անվտանգության խորհրդում կան մարդիկ, ովքեր համաձայն չեն ԱԽ-ի կայացրած որոշումներին, կարող են դուրս գալ Անվտանգության խորհրդի կազմից։ Ձեր կարծիքով՝ ովքե՞ր են ԱԽ-ի որոշումներից դժգոհողները, և ըստ ձեզ՝ ովքե՞ր են փորձում իրավիճակի ողջ պատասխանատվությունը գցել միայն ԱՀ նախագահի վրա։

- Կարծում եմ, որ այսօր նման ուղերձի անհրաժեշտություն չկար։ Որքան թույլ են տալիս մարդկանց հետ շփումներս, ԱԺ նախագահի խոսքը ոչ թե տագնապներ է ցրել, այլ խտացրել է։ Մի քանի անգամ առիթ եմ ունեցել խոսելու Արցախում օրենսդրական բարեփոխումների, քաղաքական առողջացման անհրաժեշտությունից։ Դրա համար հարաբերականորեն կայուն ժամանակը, ցավոք, բաց է թողնվել։ Այս պահին նման դիսկուրսը, կարծում եմ, ոչ արդյունավետ է։

- Կա՞ն Արցախում ուժեր, որոնք իշխանափոխության ռեալ փորձ են անում, և եթե այո, ապա որո՞նք են այդ ուժերը։

- Զինադադարի հաստատումից մեկ-երկու ամիս անց կամ ավելի վաղ, ստույգ չեմ հիշում, նման խնդիր դրված էր։ Այն ժամանակ հակադարձեցի, որ ստեղծված իրավիճակում պետք է խնայել պետական ինստիտուտները, որ նախագահի հրաժարականի դեպքում մենք գուցե արտահերթ ընտրության հնարավորություն չենք ունենա։ Քաղաքական սթափ ուժերը նույնպես այդ անհանգստությունն ունեցան, իրավիճակը հաղթահարվեց։ Հիմա բոլորը խոսում են նոր Սահմանադրությունից, արտահերթ ընտրություններից, բայց փաստացի իրավիճակում դա «ժանտախտի ժամանակ խրախճանք» է։ Պետք է պահպանել Արցախի սուբյեկտությունը, ամրապնդել անվտանգությունը, հասնել ներքաղաքական դասավորվածության հստակեցման, ապա անցնել սահմանադրական փոփոխությունների և նոր իշխանության ձևավորման հարցերի օրինական լուծմանը։ Այս փուլում միայն համերաշխություն, համախմբվածություն և զսպվածություն է մեզ պետք։