Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Եթե լայնածավալ գործողություններ սկսվեն, պետք է տարհանել Արցախի ողջ խաղաղ բնակչությանը և անցնել պարտիզանական պայքարի». «Վաղվա Արցախ» կուսակցության ղեկավար

«Եթե լայնածավալ գործողություններ սկսվեն, պետք է տարհանել Արցախի ողջ խաղաղ բնակչությանը և անցնել պարտիզանական պայքարի». «Վաղվա Արցախ» կուսակցության ղեկավար
Քաղաքականություն
14:45, 29 март 2022
Վերջին շրջանում Արցախում տեղի ունեցած իրադարձությունների և լարվածության աճով պայմանավորված՝ Արցախում և Հայաստանում տեղի ունեցան Անվտանգության խորհրդի նիստեր։ Արայիկ Հարությունյանն էլ հայտարարեց, որ այսուհետ որոշումները կայացվելու են միայն Անվտանգության խորհրդի համատեղ որոշմամբ։ Հայաստանի Անվտանգության խորհուրդն էլ միջազգային հանրության ուշադրությունը հրավիրեց Լեռնային Ղարաբաղում և Հայաստան-Ադրբեջան սահմանին ռազմական բախումների հնարավորության վրա։ «Անվտանգության խորհուրդը անհրաժեշտ է համարում միջազգային զսպման մեխանիզմների գործարկումը՝ տարածաշրջանում նոր ռազմական էսկալացիա և էթնիկ զտում թույլ չտալու համար»,- ասված էր հայտարարության մեջ։

«Վաղվա Արցախ» կուսակցության ղեկավար Տիգրան Պետրոսյանը Civic.am-ի հետ զրույցում ասաց, որ իրավիճակը Արցախում լարված է, և մարտի 24-ից ստեղծված իրավիճակից հետո, ըստ էության, փոփոխություն չկա, նույն իրավիճակն է, խաղաղապահներն էլ իրենց առաքելությունը որոշ չափով են իրականացնում։

Տիգրան Պետրոսյանն ասաց, որ իշխանությունները նույն քայլերն են իրականացնում և ակնկալում այլ արդյունք։ «Պետք է հասկանանք, որ բանակը թույլ վիճակում է և չի կարողանալու դիմակայել թուրք-ադրբեջանական տանդեմին։ Ռուսաստանն էլ կա՛մ չի ուզում, կա՛մ չի կարողանում զսպել ադրբեջանցիներին, և պետք է դիվանագիտական պատերազմ սկսել ու փորձել Մինսկի խումբը ակտիվացնել։ Այսինքն՝ փորձել խաղի մեջ ներքաշել նաև ԱՄՆ-ին և Եվրոպային, որպեսզի Ռուսաստանի հետ կարողանան զսպել Ադրբեջանին։ Այս պահին անիմաստ եմ համարում ինքնապաշտպանություն կազմակերպել և այլն, որովհետև չենք կարողանալու։ Մյուս տարբերակն էլ այն է, որ եթե լայնածավալ գործողություններ սկսվեն, պետք է ամբողջ աշխարհին ասել, որ արցախահայությունը իրենց օջախները լքելու է, քանի որ Ադրբեջանը սպառնում է ցեղասպանություն իրականացնել, և մենք հանում ենք մեր խաղաղ բնակչությանը և անցնում ենք պարտիզանական պայքարի, որի արդյունքները շատ ավելի լավ կարող են լինել, քան ստանդարտ սխեմայով ինքնապաշտպանություն կազմակերպելը։ Այլապես մենք չենք կարողանա դիմակայել այն զինատեսակներին, որն ունի Ադրբեջանը։ Անել նույն բանը, ինչ 44-օրյա պատերազմի ընթացքում, և սպասել այլ արդյունքի՝ անիմաստ է։ Նման նախադեպ եղել է՝ Կոսովոյի սցենարը, և աշխարհը արձագանքել է»,- ասաց Տիգրան Պետրոսյանը։

Տիգրան Պետրոսյանն ասաց, որ պետք է ավելի օպերատիվ գործել, ինչը չի արվում։ Պատերազմի ռիսկը, ըստ Պետրոսյանի, կա։ Հիմա էլ Արցախում, կարելի է ասել, լոկալ պատերազմ է ընթանում, քանի որ և՛ հայկական, և՛ ադրբեջանական կողմից կան զոհեր։ «Ադրբեջանը ևս ունի զոհեր, 10-ից ավելի զոհ ունեն։ Սա հստակ ինֆորմացիա է։ Մենք պետք է պատրաստ լինենք վատագույնին»,- նշեց Պետրոսյանը։

Արցախի Անվտանգության խորհրդում էլ, ըստ Պետրոսյանի, այնպիսի մարդիկ են, ովքեր պատերազմի օրերին նկուղներից դուրս չեն եկել, մարդիկ են, ովքեր իրենց որդիներին տաք տեղեր են պահել, գեներալներ են, որոնք իրականում բիզնեսմեններ են։ «Մարդիկ տեսնում են՝ ովքեր են այնտեղ նստած։ Այս ամենը լուրջ չէ, և ես որևէ ակնկալիք չունեմ իրենցից։ Պետք է ինքնակազմակերպվել։ Արցախում էլ, Հայաստանում էլ կան մարդիկ, ովքեր պատերազմով անցել են, իսկական մարտիկներ են, պետք է հավաքվել և որոշել՝ ինչ անել։

Միանշանակ պետք է անցնել պարտիզանական պայքարի՝ անտառներում, քաղաքներում։ Այս մարտավարությունը, որ ընտրել է մեր բանակը, որևէ կերպ չի կարող հաջողություն ունենալ»,- եզրափակեց Տիգրան Պետրոսյանը։
 
Վովա Հակոբյան