Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Սա սողացող պատերազմ է, մեր տղաների արձագանքն էր, որ Ադրբեջանին կանգնեցրեց Փառուխում․ ՀՀ-ն դիվանագիտական, իրավական բոլոր գործիքները պետք է գործի դնի»․ Տարոն Սիմոնյան

«Սա սողացող պատերազմ է, մեր տղաների արձագանքն էր, որ Ադրբեջանին կանգնեցրեց Փառուխում․ ՀՀ-ն դիվանագիտական, իրավական բոլոր գործիքները պետք է գործի դնի»․ Տարոն Սիմոնյան
Քաղաքականություն
17:07, 30 март 2022
«Տարածաշրջանում եթե մի պետություն կա, որը չի հարգում միջազգային իրավունքը, ապա դա Ադրբեջանն է։ Եվ ՀՀ-ի՝ միջազգային կառույցներին, միջազգային զսպման մեխանիզմներին  դիմելու  ողջ տրամաբանությունը այն է, որ Ադրբեջանին ընդհանրապես  հետ բերենք քաղաքակիրթ պետությունների շարք, որովհետև այդ երկիրն իր ամեն հերթական քայլով ոտնահարում է միջազգային ճանաչված բոլոր սկզբունքները, ինչն էլ այնուհետ ներկայացնում է որպես սովորական վարքագիծ, թե իբր՝ այդպես էլ պետք  է լիներ»,- Civic.am-ի հետ զրույցում, անդրադառնալով  Արցախում՝ Փառուխի շուրջ,  տեղի ունեցող զարգացումների առնչությամբ ՀՀ Անվտանգության խորհրդի  հայտարարության շեշտադրումներին և դրանց  ուղղված Ադրբեջանի պատասխանին, նշեց  ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր,  իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, ԵՊՀ դասախոս  Տարոն Սիմոնյանը։ 

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԽ-ն,  միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելով Լեռնային Ղարաբաղում և Հայաստան-Ադրբեջան սահմանին ռազմական բախումների հնարավորության վրա, ընդգծել  էր, որ «անհրաժեշտ է համարում միջազգային զսպման մեխանիզմների գործարկումը՝ տարածաշրջանում նոր ռազմական էսկալացիա և էթնիկ զտում թույլ չտալու համար»: Ի պատասխան ԱԽ  հայտարարության՝ Ադրբեջանի ԱԳՆ-ն Հայաստանի ղեկավարության ուշադրությունը հրավիրել էր  այն բանի վրա, «որ մարդկությունը դեռ չի գտել միջազգային զսպման ավելի լավ մեխանիզմ, քան միջազգային իրավունքն է»։

Տարոն Սիմոնյանի խոսքով՝ ՀՀ-ն այս պարագում պետք է դիվանագիտական և իրավական՝ իր ձեռքում եղած   բոլոր գործիքներն ու հնարավորությունները գործի դնի՝ ճնշելու Ադրբեջանին, որպեսզի վերջինս փոխի իր վարքագիծը։ «Միջազգային կառույցները, իհարկե, ունեն նման հնարավորություններ, և դա պետք է կիրառել։ Հիշեցնեմ, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարան համապատասխան  գրություն ուղարկեցինք գազատարի հետ կապված, էթնիկ զտումների հերթական ակտերի հետ կապված՝ Ադրբեջանի գործողությունները զսպելու համար։ Կարող ենք դիմել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան, որտեղ քննվում է «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործը, այստեղ էլ կարող ենք միջանկյալ միջոց կիրառել՝ պարտավորեցնելով Ադրբեջանին դադարեցնել էթնիկ զտումների իր քաղաքականությունը, ԵԱՀԿ-ի, Եվրոպայի խորհրդի շրջանակներում կարող ենք այս բոլոր գործողություններն անել։  Էլ չեմ խոսում այն մասին, որ հայկական պատմամշակութային հուշարձանների կանխամտածված և հետևողական ոչնչացում է տեղի ունենում Ադրբեջանի կողմից, և դա ևս միջազգային իրավունքի կոպտագույն խախտում է։ Ինչ վերաբերում է ռազմական գործողություններին, ապա այստեղ Ադրբեջանը ոչ միայն խախտել է միջազգային իրավունքը, ոչ միայն ագրեսիայի է դիմել, ոչ միայն պատերազմական,  մարդկության դեմ ուղղված հանցագործություն է կատարել և կատարում, այլ նաև նոյեմբերի 9-ի տխրահռչակ համաձայնագիրն է խախտում։  Եվ այստեղ այլ տարբերակ չկա։  Անգամ ՌԴ-ն հանդես եկավ հայտարարությամբ, որի երաշխավորությամբ էլ գրվել է այդ համաձայնագիրը, և ասաց, որ խախտող կողմը Ադրբեջանն է։ Ուստի այսքանից հետ որևէ  պետություն չկա, որ կասկածի, թե տվյալ դեպքում Ադրբեջանը ինչ մեծ ծավալի միջազգային իրավունքի խախտումներ է թույլ տվել։ Այդ երկիրը այս պարագայում ամեն ինչ անում է, որ իր մեղքը բոլորի վրա գցի, բայց առաջին հերթին՝ հայկական կողմի վրա»,- հայտարարեց մեր զրուցակիցը։ 

 ՀՀ ԱԽ-ն նշել էր նաև, որ Ադրբեջանը, «փորձելով գտնել մտացածին հիմնավորումներ, հող է նախապատրաստում Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ նոր սադրանքներ և հարձակում սկսելու համար, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետությանը մեղադրելով խաղաղության պայմանագրի հարցում ապակառուցողական գործողությունների մեջ»: Կա՞ արդյոք նոր ռազմական էսկալացիայի հավանականություն՝ հարցին նախկին պատգամավորն արձագանքեց. «Նոր էսկալացիայի հավանականությունը, այո, ակնառու է։ Երբ քո նկատմամբ զենք են կիրառում և քո զինվորին սպանում են, նշանակում է՝ պատերազմը չի ավարտվել։ Սա սողացող պատերազմի հերթական դրսևորում է, և Ադրբեջանն ինչքան ատամները բռնի՝ այդքան պոկելու է, իսկ  նման վարքագծին պետք է միշտ համարժեք արձագանք տրվի։ Մեր տղաները տվեցին արձագանք, իհարկե, և դա միակ գործոնն էր, որ Ադրբեջանին  կանգնեցրեց Փառուխում։ Ուստի  նման արձագանքը պետք է շարունակել, և մենք պետք է պատրաստ լինենք նրան, որ հետագայում ռազմական գործողություններն ավելի լայն մասշտաբով կարող են տեղի ունենալ։ Ընդգծեմ նաև, որ  այսօր, բացի միջազգային կառույցների հետ աշխատանքից, պետք է առաջին հերթին բանակի հետ աշխատանքն այնպես  կազմակերպել, որ հակառակորդն իմանա՝ իր կողմից սանձազերծված ցանկացած սադրանք կամ հարձակում վնաս պետք է պատճառի հենց իրեն»։ Դիտարկմանը՝ մեր բանակի կարողությունները համարժե՞ք են հնարավոր պատերազմին դիմակայելու, ռազմական գործողությունների մեջ մտնելու  համար, Սիմոնյանն արձագանքեց. «Խնդիրը մեր բանակի կազմակերպվածության մեջ է, եթե լավ կազմակերպվեն, ապա կարող են հաղթել»։    

Հեղինե Մանուկյան