Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Անհրաժեշտ է, որ շփման գոտում կանգնեն միջազգային մոնիտորինգային ուժեր, որոնք կիրականացնեն մոնիտորինգ․ ՔՊ պատգամավոր

Անհրաժեշտ է, որ շփման գոտում կանգնեն միջազգային մոնիտորինգային ուժեր, որոնք կիրականացնեն մոնիտորինգ․ ՔՊ պատգամավոր
Քաղաքականություն
17:25, 31 март 2022
Օրերս ՀՀ Անվտանգության խորհուրդը հայտարարություն տարածեց, որում միջազգային հանրության ուշադրությունը հրավիրում էր Լեռնային Ղարաբաղում և Հայաստան-Ադրբեջան սահմանին ռազմական բախումների հնարավորության վրա՝ անհրաժեշտ համարելով միջազգային զսպման մեխանիզմների գործարկումը՝ տարածաշրջանում նոր ռազմական էսկալացիա և էթնիկ զտում թույլ չտալու համար:

Իսկ այսօր էլ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց միջազգային մոնիտորինգի մեխանիզմ գործարկելու մասին։ Այս առնչությամբ Civic.am-ը զրուցել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանի հետ։ 
Նա նշեց, որ վերջին օրերին սահմանում լարված է, և Ռուսաստանից, ինչպես նաև Ֆրանսիայից և ԱՄՆ-ից հնչեցին, որ ելման դիրքեր վերադառնան, բայց Ադրբեջանը քայլեր չի ձեռնարկում։ 

«Մենք նորից կրկնում ենք նույն առաջարկները, որոնք արել ենք որոշ ժամանակ առաջ, մինչև Փառուխի դեպքերը, այն է՝ էսկալացիայից խուսափելու նպատակով անհրաժեշտ է, որպեսզի նախևառաջ զորքերը հետ քաշվեն անմիջական շփման գոտուց, այսինքն՝ արձանագրվի այն տեղը, որտեղ կանգնել են պատերազմից հետո, և այս տարածքից հեռանան, և հայելային կերպով դիրքերը հեռացվեն։ Հաջորդիվ արդեն անհրաժեշտ է, որպեսզի այդտեղ կանգնեն միջազգային մոնիտորինգային ուժեր։ Սա նշանակում է, որ կլինեն ուժեր, որոնք կիրականացնեն մոնիտորինգ, և ցանկացած հրադադարի խախտում կարձանագրվի, ու կլինի շատ հստակ ու հասցեական, թե որ կողմն է խախտել հրադադարը»,- ասաց Հռիփսիմե Գրիգորյանը։

Նա նշեց, որ այս պահին մենք ունեցանք արդեն շատ հասցեական և ուղիղ արձանագրում իրադրության, այն է՝ ամբողջ միջազգային հանրությունն արձանագրեց, որ ադրբեջանական զինված ուժերն են խախտել հրադադարի ռեժիմը և տեղաշարժել իրենց զորքերը խաղաղապահ զորքերի վերահսկողության տակ գտնվող տարածք, սակայն այստեղ հետագայում էսկալացիա թույլ չտալու համար մեզ անհրաժեշտ են մոնիտորինգային ուժեր, և կարծում է, որ իրենք պետք է այս ուղղությամբ աշխատեն: Սա այն է, ինչ որ անում են ՀՀ  կառավարությունը և պատգամավորները՝ խորհրդարանական, դիվանագիտական խողովակներով։ 

Խոսելով նաև Մեծ Բրիտանիայի պաշտպանության փոխնախարար Ջեյմս Հիփիի Բաքու կատարած այս մասին՝ Հռիփսիմե Գրիգորյանն ասաց, որ ենթադրություններ չի անի, թե ինչու նա չի եկել Հայաստան, սակայն կան փաստեր, որ Մեծ Բրիտանիայի պաշտպանության փոխնախարարն այցելել է Բաքու, և, ինչպես նշված էր պաշտոնական հաղորդագրության մեջ, քննարկվել են նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների վերաբերյալ հարցեր։  

Խոսելով նաև այն մասին, որ ապրիլի 6-ին Բրյուսելում Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը համատեղ հանդիպում կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, պատգամավորն ասաց, որ երեկ տարածվեց հայտարարություն նաև այն մասին, որ Բրյուսելում տեղի է ունեցել ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հանդիպումը, և տեղեկացրել են, որ քննարկվել են երկրների առաջնորդների միջև նախորդ հանդիպումից հետո քննարկված հարցերը և դրանց կատարման ընթացքը, ինչպես նաև ԼՂ հակամարտության և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ։ 

«Այս հանդիպումը նպատակ ուներ նախապատրաստելու ապրիլի վեցին կայանալիք Շառ Միշելի նախաձեռնությամբ արդեն երկրորդ ուղիղ հանդիպումը Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի միջև։ Եվ մենք կրկին ասում ենք, որ շատ դրական քայլ է, և ամենակարևորը, որ բանակցությունները շարունակվում են։ Քննարկվելու են, բնականաբար, Ադրբեջանին և Հայաստանին առնչվող հարցերի ողջ շրջանակը և, բնականաբար, ԼՂ հակամարտությունը, որը, բազմիցս նշել ենք, կարգավորված չէ՝ ի հեճուկս Ադրբեջանի պնդումների: Մեզ համար շատ կարևոր է, և շատ ուրախ եմ, որ միջազգային հանրությունն արձանագրում է, որ ԼՂ հակամարտությունը կարգավորված չէ»,- ասաց Հռիփսիմե Գրիգորյանը։

Լիլիթ Թադևոսյան