Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԼՀԿ-ն իշխանությունից բացատրություն է պահանջում՝ Սյունիքի մասին տարածված փաստաթղթի առնչությամբ

ԼՀԿ-ն իշխանությունից բացատրություն է պահանջում՝ Սյունիքի մասին տարածված փաստաթղթի առնչությամբ
Քաղաքականություն
13:10, 12 февраль 2021
Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ պատգամավոր Տարոն Սիմոնյանը անդրադառնալով վերջին օրերին Սյունիքի մասին տարածված փաստաթղթին, նշեց, որ իրենք պահանջում են իշխանություններից բացատրություն տալ, թե ինչի մասին է խոսքը․ «Այս փաստաթուղթը, որը հրապարկվել է, միայն տեքստն է։ Չկա ստորագրություն հայկական կողմից, և չգիտենք, թե դա ինչ ուժ ունեցող փաստաթուղթ է։ Ես կարող եմ ասել, որ եթե անգամ դա ստորագրված լինի գործադիր իրշխանության ղեկավարի կողմից կամ որևէ ներկայացուցչի կողմից, ապա դա ոչ միայն հակապետական և հակաազգային փաստաթուղթ է, այլև իրավունքի կոպիտ խախտում ունեցող և իրավական ուժ չունեցող փաստաթուղթ է»։

Սիմոնյանի խոսքով՝ փաստաթղթում կարգավորվում են հարաբերություններ, որոնք միջազգային պայմանագրային կարգավորման առական են, իս, մեր սահմանադրության համաձայն և միջազգային պայմանագրերի ՀՀ օրենքի համաձայն՝ նմանատիպ փաստաթղթերը ուժ ստանալու համար պետք է անպայմանորեն մտնեն Սահմանադրական դատարան և հետո՝ Ազգային Ժողով, և վավերացվելուց հետո միայն ունենան կիրառական նշանակություն։

Խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն անդրադառնալով հարցին, նշեց, որ իրենք հիմնավոր կասկածներ ունեն, որ դա կամ բանավոր պայմանավորվածությամբ իրականացվածի տեքստն է՝ միգուցե չստորագրված, կամ իրականում ստորագրված տեքստ է, քանի որ, իր խոսքով, երբ նայում ենք այդ  փաստաթղթին, տեսնում ենք, որ այնտեղ բաներ կան, որոնք դե ֆակտո իրագործված են։ 
«Արդեն երեք օր է՝ այդ նյութը տարածվում է սոցիալական ցանցերում, կայքերում։ Բա՞րդ է իշխանության համար հերքել, եթե նման բան չկա։ Մինչև այս պահը չի հերքվել»,- ասաց նա։

Մարուքյանի խոսքով փաստ է, որ Ավինյանի կողմից հստակ չի հերքվել այս ինֆորմացիան։ Նա նաև նշեց, որ մի շարք պատգամավորներ հարցում են ուղարկել կառավարություն, և որ սպասում են պատասխանի։ Նրա խոսքով՝ անգամ պետք է քննություն անցկացնել, թե որտեղից է այդ տեքստը տարածվել հայկական մեդիա դաշտում, որովհետև այստեղ ազգային անվտանգության խնդիր կա։ 

Պատգամավոր Տարոն Սիմոնյանն էլ հավելեց․ «Այս բառապաշարով այս թուղթը ստորագրած մարդն ընդունել է, որ շատ տարածքներ մտնում են, այսպես կոչված, Զանգելանի, որը հայկական Կովսականն է և, այսպես կոչված, Կուբաթլուի, որը հայկական Սանասարն է, տարածքների կազմի մեջ։ Կան տարածքներ, որոնք կենսական նշանակության դիքեր են, Ներքին Խնձորեսկի տարածքն են և Սանասարի կազմ չեն մտնում։ Հիմա ո՞վ է որոշել, որ այդ տարածքը Սանասարի հատվածում է կամ Կովսականի։ Հիմա, եթե մեկ անձ որոշել է, որ դա մեր կենսական նշանակության տարածքը չէ, ապա գոնե, պիտի բացատրություն տա՝ ի՞նչ տրամաբանությամբ է առաջնորդվում՝ Խորհրդային Հայաստանի վարչատարածքային բաժանմա՞մբ, թե՞ ինչ-որ այլ տրամաբանությամբ, որը միայն իրենց է հասու»։

Սյուզի Սիրականյան