Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Այս պահին ամենաիրատեսական լուծումը Լեռնային Ղարաբաղի միջազգային երաշխիքներով ամրապնդված վարչատարածքային բարձր ինքնավարությունն է»․ Սուրեն Սուրենյանց

Դեմոկրատական այլընտրանք կուսակցության քաղխորհրդի ղեկավար, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի հետ Civic.am-ի եթերում զրուցեցինք վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Բրյուսել կատարած այցի մասին։ Արդյո՞ք բանակցությունները ինչ-որ պտուղ տվել են և ի՞նչ է ստացել կամ կորցրել Հայաստանը։

Քաղաքագետը նշեց, որ միայն այն, որ հանդիպումը տևել է ավելի քան 4,5 ժամ, խոսում է այն մասին, որ խորքային բանակցություններ են տեղի ունեցել, և կա որոշակի արդյունք։ Սուրենյանցը մատնանշեց դեմարկացիայի և դելիմիտացիայի հանձնաժողով ստեղծելու մասին պայմանավորվածությունը և խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ նախապատրաստելու արտգործնախարարներին տրված հանձնարարությունը։
 
 Սուրենյանցը անդրադարձավ նաև ԵԱՀԿ Մինսկի խմբին և ասաց․ «ԵԱՀԿ-ն ինստիտուցիոնալ չգոյության ռեժիմում է այս պահին։ Դա կար արդեն պատերազմից հետո։ Ուկրաինական ճգնաժամով արտահայտվող գլոբալ հակադրությունն այնպիսի իրավիճակ է ստեղծել աշխարհում, որ դժվար է պատկերացնել, որ Ռուսաստանը, Ֆրանսիան և ԱՄՆ-ը նստեն մեկ սեղանի շուրջ։ Այսինքն՝ ակնկալել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը վերակենդանացնելը շուտ է տեղի ունենալու՝ միամիտ հույսեր են»։
 
 Քաղաքագետը կարևորեց նաև հանգամանքը, որ ինստիտուցիոնալ հիմքեր են ստեղծվում Հայաստանի և Ադրբեջանի ուղիղ երկխոսության համար, որը, ըստ Սուրենյանցի, միայն ողջունելի է։

 Անդրադառնալով խաղաղության պայմանագրի շուրջ Ադրբեջանի առաջարկած հինգ կետերին, Սուրեն Սուրենյանցն ասաց, որ դրանում որևէ վախենալու բան չկա և այնպիսի կետ չկա, որ քննարկման ենթակա չլինի։ «Բաքվի առաջարկած հինգ կետերը ֆորմալիստական բնույթ ունեն և բխում են միջազգային իրավունքից։ Դրանք բավական գրագետ ձևակերպված կետեր են, և, բնականաբար, հայկական կողմը երեք-չորս կետ էլ ինքը նշեց, որոնք վերաբերվում են Ղարաբաղի ժողովրդի ազատությանը, իրավունքներին, նաև՝ ինքնորոշմանը», - նշեց Սուրեն Սուրենյանցը և հավելեց․ «Այո՛, լինելու են ցավոտ որոշումներ։ Պատերազմից հետո այլ կերպ դժվար էլ լիներ, որովհետև դիալոգն այլընտրանք չունի։ Այլընտրանքը պատերազմն է։ Եվ որևէ մեկը չի կարող երաշխավորել, որ որևէ պատերազմ մեզ համար ավելի   բարենպաստ պայմաններ է ստեղծելու։ Հակառակի հավանականությունը շատ ավելի մեծ է»։
 
 Սուրենյանցը նշեց, որ կա երկկողմանի մաքսիմալիստական մոտեցումներ։ Մեկը՝ Ադրբեջանինը, Ղարաբաղի սուբյեկտայնության մերժումն է, ինչը ցանկությունների ժանրից է, հաջորդը հայկական որոշակի շրջանակների մոտեցումն է, երբ նշում են, թե Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումը պետք է առաջնային դարձնել։
 
 «Սա էլ իրատեսական չէ, որովհետև այս պահին Լեռնային Ղարաբաղի անկախության կամ միջազգային ճանաչման հարցում Հայաստանը ունի զրո դաշնակից», - ասաց Սուրենյանցը և ասաց, որ Լեռնային Ղարաբաղի անկախության պահանջը առաջին պլան բերելը քաղաքական տեսնակյունից նման է ցնորքի։

 Սուրենյանցը նշեց նաև իր «կարմիր գծերը»՝ Ղարաբաղի սուբյեկտայնության ապահովումը, որը ապահովելու է Արցախի հայկականությունն ու ժողովրդի անվտանգությունը։ «Այս պահին ամենաիրատեսական լուծումը, ինչքան էլ իրականությունից փախնենք, Լեռնային Ղարաբաղի վարչատարածքային բարձր ինքնավարությունն է Ադրբեջանի կազմում՝ միջազգային երաշխիքներով ամրապնդված։ Դա փաստացի անկախության կարգավիճակ է», - ասաց Սուրենյանցը։
 
 Արցախի՝ ՌԴ կազմում ներառվելու մասին վերջերս ինտենսիվորեն տարածվող խոսակցությունները Սուրենյանցը բլեֆ համարեց և կարծիք հայտնեց, որ դա արվում է այն շրջանակների կողմից, որոնք խոսում են Հայաստանը Միութենական պետության կազմ ներառելու մասին։ Արցախը ՌԴ կազմում ներառելուն, ըստ Սուրենյանցի, նույնիսկ Ռուսաստանը չի ձգտում, քանի որ Ռուսաստանը դաշնակցային հարաբերություններ ունի նաև Ադրբեջանի հետ և, բնականաբար, չի գնա Ադրբեջանի հետ նման հակամարտության։
 
Մանրամասները՝ տեսնայութում:
 
Վովա Հակոբյան