Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սա կարող է բլեֆ լինել կամ խայծ, որը նա գցեց ընդդիմության մեջ․ Էդուարդ Շարմազանովը՝ արտահերթ ընտրությունների մասին

Սա կարող է բլեֆ լինել կամ խայծ, որը նա գցեց ընդդիմության մեջ․ Էդուարդ Շարմազանովը՝ արտահերթ ընտրությունների մասին
Քաղաքականություն
18:48, 22 март 2021
«Անամոթաբար խոսում է արտահերթ ընտրություններից։ Դու ո՞վ ես, որ ընտրությունների օր նշանակես, դու այդ իրավունքն ունե՞ս։ Կարծում եմ՝ բոլոր ընդդիմադիր ուժերը, ազգային մտածելակերպով քաղաքացիները մեկ օրակարգ պետք է ունենան՝ Փաշինյանն օր առաջ պետք է հեռանա, որովհետեւ նա էլ ի՞նչ պետք է անի, որ․․․հինգ հազար զոհ տվեց, Շուշին, Հադրութը տվեց, էլ ի՞նչ եք ուզում արած լինի»,-«Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այսօր անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ հունիսի քսանին տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ՝ ասաց ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։

Նա նշեց․ «Սա կարող է բլեֆ լինել կամ խայծ, որը նա գցեց ընդդիմության մեջ։ Ճիշտ է, «Հայրենիքի փրկության շարժումը» հայտարարեց, որ իր օրակարգը չի փոխվում, բայց եղան նաեւ ուժեր, որոնք անմիջապես հայտարարեցին մասնակցելու մասին։ Դա, իհարկե, իրենց իրավունքն է, բայց կարծում եմ՝ արտահերթի մասին խոսելը վաղ է։ Չեմ պատկերացնում՝ սրա գլխավորությամբ ո՞նց ենք արտահերթի գնալու, դիպուկահարներո՞վ, ամեն մարզ գնալիս հինգ հազար ոստիկանո՞վ։ Մեկը կանգնի ասի՝ պահանջում եմ հրաժարականդ, դիպուկահարը ճակատից խփի՞»։ ՀՀԿ փոխնախագահը նաեւ մտահոգություն հայտնեց, որ սպասվելիք ընտրություններում քաղաքացիական բախումների փորձեր են լինելու․ «Գուցե Փաշինյանը պատվեր է ստացել, որ քաղաքացիական բախում լինի։ Իսկ ընդդիմությունն այս ընթացքում ամեն ինչ արեց, որ բախում չլինի»։