Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանը միշտ ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ միաժամանակ շեշտելով, որ Արցախը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում․ միջազգայնագետ

Հայաստանը միշտ ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ միաժամանակ շեշտելով, որ Արցախը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում․ միջազգայնագետ
Քաղաքականություն
16:59, 14 апрель 2022
Այսօր միջազգային հանրությունը մեզ հստակ ասում է՝ լինել աշխարհի միակ երկիրը, որ երկկողմ մակարդակում չի ճանաչում Թուրքիայի դաշնակից Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, մեծ վտանգ է ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի համար: Այսօր միջազգային հանրությունը մեզ կրկին ասում է՝ մի փոքր իջեցրեք Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում ձեր նշաձողը և միջազգային մեծ կոնսոլիդացիա կապահովեք Հայաստանի և Արցախի շուրջ։ Երեկ՝ ապրիլի 13-ին, ԱԺ ամբիոնից այս խոսքերը հնչեցրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

Միջազգայնագետ, ԵՊՀ միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի դոցենտ Գրիգոր Բալասանյանը Civic.amի հետ զրույցում ընդգծեց, որ նշաձողի իջեցումը՝ նշանակում է կարգավիճակի հարցի քննարկում, այսինքն` կարգավիճակի փոփոխություն, և դա էլ իր հերթին նշանակում է ինքնորոշման, ինքնավարության սկզբունքը չպահպանել, այսինքն` Ադրբեջանի կազմում լինել առանց որևիցէ ստատուսի․ «Դա միանշանակ ընդունելի չէ Հայաստանի և հայ ժողովրդի համար։ Դա նշանակում է, որ 30 տարվա պայքարը՝ արցախյան ազատամարտը, 10-նյակ հազարավոր զոհերը դառնում են իզուր»։

Այսօր՝ ապրիլի 14-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին ԱԺ ամբիոնից պարզաբանեց իր երեկվա ելույթը՝ շեշտելով՝ այն ինչ որ ինքն ասում է՝ Ղարաբաղը չհանձնելու մասին է․ «Եթե մենք այլ ճանապարհով գնանք Ղարաբաղը հանձնելու ենք կտոր-կտոր՝ Փառուխի դեպքերը օրինակ։ Մենք ասում ենք Ղարաբաղի ժողովուրդը պետք է ապրի Ղարաբաղում, ունենա իրավունքներ, կարգավիճակ»։ 

Երկար տարիներ առաջին դիրքում էր Արցախի կարգավիճակի հարցը, սակայն երեկ ՀՀ վարչապետը նշեց, որ հիմա առաջին պլանում է Արցախի անվտանգության և ժողովրդի իրավունքների հարցը, ինչից էլ պետք է բխի կարգավիճակը. «Այլ կերպ ասած՝ մենք արձանագրում ենք, որ կարգավիճակը տվյալ իրադրության մեջ ոչ թե նպատակ է, այլ միջոց՝ ապահովելու Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգությունն ու իրավունքները»:

Միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանի տեսակետով՝ ժողովրդի անվտանգության հարցն անմիջական կապված է Արցախի հարցի հետ․ «Եթե մենք ամեն ինչ տալիս ենք միայն խաղաղության պայմանագիր ստորագրելու համար, մենք չունենք երաշխիք, որ այդ խաղաղության պայմանագիրը 1 տարի հետո չի խախտվելու և Ադրբեջանը ինչ-որ մտացածին պատճառներով կրկին զորք չի մտցնելու ՀՀ տարածք»։ 
Հայաստանը դեմ չէ Ադրբեջանի կողմից խաղաղության օրակարգի շուրջ ներկայացված 5 կետերին, որից առաջինը՝ Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելն է։ 

Գրիգոր Բալասանյանն ընդգծեց, որ Հայաստանը միշտ էլ ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ միաժամանակ շեշտելով, որ Արցախը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում․ «Հայաստանը ճանաչել է այն տարածքները, որոնք Ադրբեջանը հայտարարել է անկախություն ստանալուց հետո, իսկ այդտեղ Արցախ չի եղել։ Մենք պետք է ուշադրություն դարձնենք Ադրբեջանի սահմանադրության վրա, ըստ որի Ադրբեջանն իրեն հայտարարել է իր առաջին հանրապետության իրավահաջորդ, հետևաբար սահմանները պետք է գծվեր Ադրբեջանի առաջին դեմոկրատական հանրապետության սահմաններով 1918-1920թթ․-ին։  Իսկ 1918-1920թթ․-ի Ադրբեջանի սահմաններում անգամ Ղազախի շրջանը չի եղել։ Մենք այս հարցին երբեք ուշադրություն չենք դարձրել ոչ մի իշխանության ժամանակ։ Հնարավոր չէ, որ երկիրն իրեն հռչակի առաջին հանրապետության իրավահաջորդ, բայց իր սահմանները որոշվի երկրորդ հանրապետության սահմաններով՝ նման բան միջազգային հարաբերություններում ընդհանրապես ընդունված չէ»,-մեկնաբանեց մեր զրուցակիցը։ 

Երեկ ՀՀ վարչապետի ելույթից հետո Արցախում գործող հասարակական կազմակերպությունները պահանջել էին հանդիպում Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ, որի ժամանակ էլ Արայիկ Հարությունյանը հայտարարել էր՝ Արցախի իշխանությունները որևէ հանգամանքում չեն հրաժարվելու ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացման պայքարի ճանապարհից։ 

Միջազգայանագետի տեսակետով, Արայիկ Հարությունյանի այս հայտարարությունը երկու կերպ կարելի է մեկնաբանել՝ կամ եղել է կոշտ զրույց և տեսակետների անհամատեղելիություն Հայաստանի և Արցախի իշխանությունների միջև, կամ Հայաստանի ու Արցախի իշխանությունները գործում են համաձայնեցված՝ իրենց թիկունքին ունենալով Ռուսաստանի աջակցությունն առ այն, որ Ռուսաստանն ու ռուս խաղաղապահները հանդիսանալու են Արցախի անվտանգության երաշխավոր։  

Նարա Մարտիրոսյան