Քաղաքացիակենտրոն
լրատվություն

1997-ի և՛ փաթեթային, և՛ փուլային տարբերակով արցախցիները պետք է ստանային Ադրբեջանի քաղաքացիություն. միջանկյալ կարգավիճակի դրույթը փաստաթղթից հանվել է 2016-ի հունվարին. Վահագն Ալեքսանյան. տեսանյութ

Civic.am-ը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանի հետ զրույցում փորձեց պարզաբանել՝ ինչո՞վ էր Արցախի հարցով բանակցությունների փաթեթային տարբերակը տարբերվում փուլայինից։ Ի՞նչ ժառանգություն են ստացել և ի՞նչ սպասել։

«1997-ին առաջարկվել է փաթեթային տարբերակ, որը իրենից ենթադրում էր, որ Արցախը պետք է լինի Ադրբեջանի կազմում, ունենա ինքնավարության բարձր աստիճան։ Գուցե դա ուղիղ տեքստով գրված չէր, բայց այնպես էր, որ արցախցիները պետք է ստանային Ադրբեջանի անձնագրեր, որտեղ պետք է գրված լիներ Ադրբեջանի Հանրապետություն, Լեռնային Ղարաբաղ։ Հայկական կողմն առաջարկ էր ներկայացրել, որ արցախցիները պարտադիր պետք է ստանան նաև երկքաղաքացիության իրավունք։ Այս տարբերակը ի վերջո մերժվեց հայկական կողմից։ Կար նաև փուլային տարբերակը, որն իրենից ենթադրում էր նախ պատերազմի հետևանքների վերացում՝ փախստականների վերադարձ, խաղաղության ապահովում, իսկ կարգավիճակի հարցը թողնված էր ապագային։ Փաթեթայինի և փուլայինի տարբերությունը հենց դրանում էր, որ փաթեթայինը իրենից ենթադրում է, որ մի ստորագրությամբ որոշվում է կարգավիճակը կամ նշանակվում հանրաքվե «իքս» օրը», - ասաց Վահագն Ալեքսանյանը։

2018-19-ի առաջարկը, ըստ Ալեքսանյանի, 2016-ի մոդեռնիզացված, նույն տարբերակն է, ինչն իրենից ենթադրում էր, որ առաջին փուլում պետք է վերացվեին պատերազմի հետևանքները, իսկ կարգավիճակի հարցը թողնված էր անորոշ ապագային։ 

«Նախկին փուլայիններով մինչև վերջնական որոշման կայացումը Արցախը ստանում էր միջանկյալ կարգավիճակ։ 2016-ի հունվարին միջանկյալ կարգավիճակի դրույթը փաստաթղթից հանվեց»,- ասաց Ալեքսանյանն ու հավելեց. «1997-ի և՛ փաթեթային, և՛ փուլային տարբերակով արցախցիները պետք է ստանային Ադրբեջանի քաղաքացիություն։ 1998-ին արդեն եղել է «ընդհանուր պետության» գաղափարը։ Այսինքն՝ Արցախը դրանով փաստացի ստանում էր անկախությունից մեկ աստիճան ցածր, ինքնավարությունից էլ մեկ աստիճան բարձր կարգավիճակ։ Դրանից հետո եղել է Քոչարյանի «Քի Վեսթի» տարբերակը՝ Մեղրու փոխանակման տարբերակը։ «Քի Վեսթից» հետո եղել են Մադրիդյան սկզբունքները, որոնց վրա էլ 2011-ին քննարկվում էր «Կազանյան» տարբերակը, որը, ըստ էության, առաջարկված լավագույն տարբերակն էր, որը մերժել է Ադրբեջանը»։ 

Այդ ժամանակից սկսած Ադրբեջանի միայն ռազմական բյուջեն գերազանցում էր Հայաստանի բյուջեն։ 

Ալեքսանյանը նաև ասաց, որ ակնհայտ է, որ երբ տարիներ շարունակ Հայաստանի իշխանությունները գնացել են, նստել են բանակցությունների սեղանին, ու իրենց առաջ դրվել է փաստաթուղթ, որում կարգավիճակի այն աստիճանը ու այն նշաձողը չի եղել, որը քարոզվել է երկրի ներսում, այդտեղ եղել է խզում։ «Չէր լինի այդ խզումը, եթե Ադրբեջանի ռազմական բյուջեն տարիներ շարունակ չգերազանցեր Հայաստանի պետական բյուջեն։ Ու առաջին անգամ 2019 թվականն էր, որ դա այդպես չէր։ Եթե 2019-ի պես տարիները լինեին մի քանիսը, վստահաբար էդքան հարթ չէր լինի Ադրբեջանի համար ամեն ինչ»,- ասաց Վահագն Ալեքսանյանը։ 

Մանրամասն՝ տեսանյութում

Վովա Հակոբյան