Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Իմ քայլը» հակված է ընտրության գնալ նոր ԸՕ-ով․ ցուցակը գլխավորելու է Նիկոլ Փաշինյանը․ Մակունց

«Իմ քայլը» հակված է ընտրության գնալ նոր ԸՕ-ով․ ցուցակը գլխավորելու է Նիկոլ Փաշինյանը․ Մակունց
Քաղաքականություն
12:41, 23 март 2021
«Իմ քայլը խմբակցությունը հակված է ընտրական օրենսգրքում ամբողջապես համամասնական համակարգին անցում կատարելու փոփոխությունները ընդունելուն և համամասնական ընտրակարգով արտահերթ ընտրությունների գնալուն։ Այս պահին քննարկումներ են ընթանում», - այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Լիլիթ Մակունցը։

Էդմոն Մարուքյանի այն հայտարարության մասին, թե ընտրական օրենսգրքի փոփոխության քայլերի դեպքում պայմանավորվածությունները՝ արտահերթ ընտրությունների հետ կապված, իրականություն չեն դառնա, Մակունցը ասաց՝ երբ հասկանան, թե պայմանավորվածությունները ամբողջապես ինչ են ներառել իրենց մեջ, այդ ժամանակ կմեկնաբանի։

Հարցին, թե միայն համամասնական ընտրակարգի անցնելու դրույթն է քննարկվելու, Մակունցը նշեց․
«Վերջնական ձևակերպումներ չտամ, ոչինչ չեմ բացառում այս պահին։ Ընտրական օրեսնգրքի փոփոխությունները բավականին մեծ փոփոխություններ են ենթադրում իրենցից և այդ հատվածով, նույնպես, պետք է որոշում կայացնել, քանի որ դրանք նաև իրատեսական պետք է լինեն   առաջիկա արտահերթ ընտրությունների համար»։

Տիկին Մակունցը նախընտրեց դեռևս մեկնաբանություն չտալ գործընթացների մասին, բայց նշեց, որ փոփոխությունները առաջին հերթին պետք է ենթադրեն պարզություն։
Հարցին, թե ո՞վ է գլխավորելու «Իմ քայլի» ցուցակը և թեկանծուների մասով  կա՞ն քննարկումներ, Մակունցը պատասխանեց․   «Ես կարծում եմ՝ ցուցակը գլխավորելու հետ կապված ակնհայտ է։ Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը։ Իսկ ցուցակի հրապարակումը դեռ վաղ է»։
Տիկին Մակունցը դադարեցրեց լրագրողների հետ ճեպազրույցը՝ Փաշինյանի անփոխարինելիության և վարկաբեկված լինելու մասին հարցերից հետո։