Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մեզ համար միեւնույն է՝ հին, թե՞ նոր ԸՕ-ով կգնանք այս ընտրություններին․ Գագիկ Ծառուկյանն է գլխավորելու ԲՀԿ-ի ցուցակը․ Իվետա Տոնոյան

Մեզ համար միեւնույն է՝ հին, թե՞ նոր ԸՕ-ով կգնանք այս ընտրություններին․ Գագիկ Ծառուկյանն է գլխավորելու ԲՀԿ-ի ցուցակը․ Իվետա Տոնոյան
Քաղաքականություն
16:04, 23 март 2021
«Մենք իշխանությունների հետ նոր ընտրական օրենսգրքի շուրջ բովանդակային քննարկման դաշտ չենք մտնելու։ Այսինքն մեզ համար սկզբունքորեն միեւնույն է հին, թե՞ նոր ընտրական օրենսգրքով կգնանք այս ընտրություններին», - այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր, Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը։

Նրա խոսքով՝ կարեւորը այն է, որ ընտրական օրենսգրքի փոփոխությունների կամ լրամշակումների պատրվակով հերթական անգամ ընտրությունների օրը չտեղափոխվի եւ ԲՀԿ-ն որպես կայացած ուժ՝ խնդիր չի տեսնում ցանկացած ընտրական օրենսգրքով մասնակցելու առումով։ 

«Իշխանությունները մինչ նախընտրական գործընթացը ունեին բավարար ժամանակ ընտրական օրենսգրքում փոփոխություններ անելու։ Հիմա նախընտրական թոհուբոհին ընդառաջ ընտրական օրենսգրքի քննարկումը չեմ կարծում նպատակահարմար է», - հավելեց նա։

Պատասխանելով հարցին, թե ո՞վ է ընտրություններին գլխավորելու ԲՀԿ ընտրացուցակը՝ Տոնոյանը պատասխանեց․ «Մենք քննարկում չենք ունեցել, բայց ես կարող եմ վստահաբար ասել, որ իմ կարծիքով՝ Գագիկ Ծառուկյանն է գլխավորելու ԲՀԿ-ի ընտրացուցակը»։