Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վանեցյանի հաղթանակի դեպքում Ադրբեջանը պատերազմ չի սկսի

Վանեցյանի հաղթանակի դեպքում Ադրբեջանը պատերազմ չի սկսի
Քաղաքականություն
20:12, 18 апрель 2022
Արթուր Վանեցյանը Ազատության հրապարակում ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ ընդդիմության՝ իշխանության գալու դեպքում պատերազմ չի լինելու։ 

«Նիկոլ Փաշինյանը և իր թիմակիցները այսպես կոչված խաղաղության դարաշրջան բերելու ակնկալիքով կամ մարդկանց համոզելով, որ բերում են խաղաղություն, իրականում մեր երկիրը տանում են պատերազմի․ պատերազմի՝ կանխատեսված պարտությամբ։ Պատերազմ չի լինելու մեր հաղթանակի դեպքում, ես ձեզ վստահ ասում եմ՝ չի լինելու և վերջ։ Բայց մենք չենք էլ կանգնելու գլուխներս կախենք թշնամու առաջ և աղերսենք խաղաղություն․ հավատացեք կան շատ ճանապարհներ և այդ ճանապարհների մասին մենք գիտենք, ունենք փորձ, գիտելիք, հնարավորություն, որպեսզի թույլ չտանք, որ լինի պատերազմ։ Ինչ վերաբերում է հստակ գործողությունների պլանին․ պատկերացնու՞մ եք չէ, որ հստակ պլանի մասին ես չեմ կարող հիմա բարձրաձայնել․ դուք տեսաք, որ մի փոքր վրան օգտագործելու համար ինչ քանակի ոստիկանական ուժեր օգտագործվեցին մեր նկատմամբ»,- ընդգծեց Վանեցյանը։ 

Վանեցյանի պնդմամբ՝ իշխանությունները հասկանում են հանրային տրամադրությունները, նրանք հասկանում են, որ կորցրել են իրենց իշխանությունը և ընդդիմության համար ժամանակի հարց է, թե ինչպես են այդ հարցը լուծելու։

«Հստակ պլանը կա, ընդդիմությունը ունի հստակ պլան, լինելու է ցանցային ապակենտրոն պայքար, որը բերելու է իր արդյունքը»,- նշեց Վանեցյանը։
Նա նաև նշեց․ «որոշ ժամանակ անց ականատես կլինեք այս բողոքի ակցիայի և մեկնարկող այլ բողոքի ակցիաների զարգացմանը և ընթացքին»։ 
Արթուր Վանեցյանի խոսքով՝ 24 ժամ Ազատության հրապարակում մնալով ու մարդկանց հետ 24 ժամյա ռեժիմով շփվելով՝ մի քանի օրվա մեջ էականորեն իրավիճակը փոխվելու է։ 

«Ես այս 24 ժամվա մեջ շփվել եմ հազարավոր մարդկանց հետ․․․գալիս են տարբեր մարդիկ տալիս, գալիս են և հարցեր են տալիս․ հարցերի պատասխանները ստանալուց հետո հասկանում են, որ իրենք մոլորության մեջ են։ Եվ այս փողոցում գտնվելը, մարդկանց հետ անմիջական շփվելը այդ հարցն է լուծում։ Հիմա հարց է առաջանում՝ ինչի՞ եմ ես այստեղ, ինչի՞ են իմ գործընկերները գալիս այստեղ ու շփվում քաղաքացիների հետ, որովհետև այդ կապը խզվել է․ խզվել է գործող իշխանությունների արհեստական բաժանումների պատճառով․ ուրիշ որևէ այլ պատճառ չկա»,- ասաց Վանեցյանը։