Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ սուվերենության հետ կապված որևէ հարց չի քննարկվել. Գևորգ Պապոյանը՝ վարչապետի մոսկովյան այցի և ստորագրված փաստաթղթերի մասին

«Այս այցի բնույթը, որպես պաշտոնական այց, և ստորագրված փաստաթղթերի քանակը վկայում են, որ հայ-ռուսական հարաբերությունները գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա և շարունակում են խորանալ ու զարգանալ»,- Civic.am-ի հետ զրույցում, մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Մոսկվա և ստորագրված 30-կետանոց հայ-ռուսական համագործակցության փաթեթը, ասաց  ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը։

Հարցին, թե կա՞ն արդյոք այդ փաստաթղթերում վտանգավոր կետեր, Գևորգ Պապոյանն ասաց, որ որևէ վտանգավոր կետ չկա,  հակառակը՝ կան մի շարք կետեր, որոնք վկայում են հայ-ռուսական հարաբերությունների ռազմավարական գործընկերության բնույթի բարձր մակարդակի մասին և միտված են մեր հետագա համագործակցության շարունակմանը, որոնք պետք է նպաստեն ի շահ երկու պետությունների տնտեսական և ռազմատեխնիկական հարաբերությունների խորացմանը։     
 
Խոսելով նաև այն մասին, որ Նիկոլ Փաշինյանի ցանկացած այցից առաջ ընդդիմությունը սկսում է գուժել հայ-ռուսական հարաբերությունների վատթարացման կամ տարածք հանձնելու մասին, Գևորգ Պապոյանն ասաց՝ նույն ընդդիմությունը կարծես չգիտի, թե ինչ է ասել դրանից երեք կամ չորս ամիս առաջ. «Այո՛, այս հանդիպումից առաջ գուժում էին, որ հայ-ռուսական հարաբերությունները շատ վատ վիճակում են, ինչ-որ մի ժամանակ առաջ նշում էին, որ այդ վատ վիճակի լինելու հետևանք է, որ պաշտոնական այց տեղի չի ունենում»։

«Բայց փաստացի նախ՝ տեսանք, որ եղավ այդ այցը, և երկրորդ՝ այցը շատ հագեցած էր և շատ ջերմ մթնոլորտում է անցնում, որովհետև մեկ բան է պարզապես պաշտոնական այցը, մեկ այլ բան է, որ միջանձնային հարաբերությունները, երևում է, զգացվում է, որ շատ բարձր մակարդակի վրա են, և պետության առաջնորդն արժանանում է ամենաբարձր մակարդակի ջերմ ընդունելության»,- ասաց պատգամավորը։

Նա նշեց, որ երբ այցի բովանդակությունը շատ կարևոր է, և երբ բազմաթիվ կարևոր փաստաթղթեր ստորագրվեցին, հիմա էլ նույն ընդդիմության շրջանակներն իրենց կոորդինացիայի տակ գտնվող այլ ֆեյքերի և այլ փորձագետների միջոցով ուզում են գուժել, որ ամենաբարձր մակարդակով ընդունելության մեջ կասկածներ կան, թե կարող է՝ ՀՀ սուվերենության հետ կապված հարցեր են քննարկվել։ 

«Հայաստանի Հանրապետության սուվերենության հետ կապված որևէ հարց չի քննարկվել, ՀՀ-ն և ՌԴ-ն, որպես երկու ինքնիշխան, իրավահավասար, ռազմավարական գործընկերներ, դաշնակիցներ, հանդիպել են իրար հետ և հանդիպելու են իրար հետ»,- ասաց Գևորգ Պապոյանը։
 
Մանրամասները՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան