Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մենք այլևս պետք է թույլ չտանք, որ որևէ մեկը փորձի ժողովրդին տանել արկածախնդրության. Այս մարդիկ Արցախն օգտագործում են ներքաղաքական նպատակով. Արթուր Հովհաննիսյանը՝ ընդդիմության մասին. տեսանյութ

Մենք այլևս պետք է թույլ չտանք, որ որևէ մեկը փորձի ժողովրդին տանել արկածախնդրության. Այս մարդիկ Արցախն օգտագործում են ներքաղաքական նպատակով. Արթուր Հովհաննիսյանը՝ ընդդիմության մասին. տեսանյութ
Քաղաքականություն / Հարցազրույց
16:11, 21 апрель 2022
Նախ արձանագրենք, որ արդեն ավանդույթ է դարձել, որ վարչապետի ցանկացած այցից առաջ ընդդիմադիրները գուժում են ինչ-որ փաստաթղթերի ստորագրման մասին, ինչ-որ տողատակերի մասին, ենթատեքստերով են սկսում խոսել և փորձում են մեր հանրության շրջանում որոշակի վախեր և մտահոգություններ առաջացնել։ Այս մասին այսօր Civic.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը։

Նա նշեց, որ ստորագրված փաստաթղթերը հրապարակված են, և դրանցում ոչ մի սարսափելի բան չկա, Հայաստանի ինքնիշխանությանը վերաբերող որևէ դրույթ չկա։

 «Ընդդիմությունը մշտապես խաղում է էմոցիաների վրա, փորձում է տարբեր տպավորություններ ստեղծել և մարդկանց վախերի միջոցով հիմնականում փորձում է ազդեցություն ունենալ հանրային տարբեր շրջանակների վրա, բայց, ըստ էության, երկարամյա փորձը ցույց է տալիս, որ այդ մեթոդը ՀՀ-ում այլևս չի աշխատում։ Եվ չնայած սրան, ընդդիմությունը շարունակում է նույն տրամաբանությամբ գործել՝ առանց օրակարգի, առանց հստակ մեսիջների, հենց այսպես՝ էմոցիաների իրավիճակային որոշակի իրադարձությունների վրա, փորձում է քաղաքական դիվիդենդներ շահել»,- ասաց Արթուր Հովհաննիսյանը։ 

Խոսելով նաև Ազատության հրապարակում նստացույց անող Արթուր Վանեցյանի հայտարարությունների մասին՝ մասնավորապես այն մասին, որ իրենց հաղթանակի դեպքում պատերազմ չի լինելու, Արթուր Հովհաննիսյանն ասաց, որ Արթուր Վանեցյանի մտքերն առանձին վերլուծության կարիք ունեն՝ ամենատարբեր մասնագետների կողմից։

«Մենք ունենք մի խումբ մարդիկ, որոնք խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչներ են, և այդ մանդատներով նրանք միջազգային հարթակներում պետք է Հայաստանի և Արցախի շահերն առաջ տանեին, երկրի ներսում պետք է պաշտպանեին Հայաստանի և Արցախի շահերը, հստակ մեսիջներով, հստակ օրակարգով, այո՛, գործող քաղաքական մեծամասնության առաջարկած թեզերին ներկայացնեին այլընտրանք։ Բայց մենք այսօր տեսնում ենք մի խումբ մարդկանց, տեսնում ենք տեքստեր, որոնք ոչնչի մասին են»,- ասաց պատգամավորը։ 

Արթուր Հովհաննիսյանի խոսքով՝ մեր ժողովուրդը շատ լավ ճանաչում է այդ մարդկանց դեմքով, անուն-ազգանուններով, տեսել  է նրանց արած գործողությունները, կապերը, որոնք շատ լուրջ վնաս են հասցրել Հայաստանի և Արցախի շահերին, հիմա ինչ երեսով են նրանք այդ մարդկանց հրավիրում Ազատության հրապարակ։

«Այս մարդիկ շարունակում են Արցախն օգտագործել ներքաղաքական նպատակներով և, կրկին ժողովրդին խաբելով, տանելով արկածախնդրության, կրկին փուչ կենացներ ասելով, փորձում են գալ իշխանության, ինչը շատ վտանգավոր է։ Մենք այլևս պետք է թույլ չտանք, որ որևէ մեկը փորձի ՀՀ ժողովրդին տանել արկածախնդրության՝ սին ու փուչ խոստումներով, զրո հիմնավորումներ ունեցող անհասկանալի օրակարգերով»,- ասաց Արթուր Հովհաննիսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում 

Լիլիթ Թադևոսյան