Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վանաձոր համայնքի ԺՊ-ի առնվազն 3-4 անուն է շրջանառվում. Համայնքի շահերից է բխում ժամանակավոր պաշտոնակատարի նշանակումը, քանի որ կառավարումն առկախվել է

Վանաձոր համայնքի ԺՊ-ի առնվազն 3-4 անուն է շրջանառվում. Համայնքի շահերից է բխում ժամանակավոր պաշտոնակատարի նշանակումը, քանի որ կառավարումն առկախվել է
Քաղաքականություն
12:57, 22 апрель 2022
Վանաձոր խոշորացված համայնքի ավագանու աշխատանքները առաջիկայում կմտնեն բնականոն հուն, երբ վերջապես հնարավոր լինի  ժամանակավոր պաշտոնակատար նշանակել։  Թերթերից մեկն այսօր գրել է, թե հիշյալ համայնքի ԺՊ է նշանակվելու Արկադի Փելեշյանը, որը նախորդ գումարման ավագանիում Վանաձորի  համայնքապետ Մամիկոն Ասլանյանի առաջին տեղակալն էր։ Վանաձորի համայնքապետարանի  հանրային կապերի, լրատվության և արարողակարգի բաժնի պետ Էդիկ Հովսեփյանը civic.am-ի հետ զրույցում ասաց, որ որպես ԺՊ-ի թեկնածու առնվազն երեք-չորս անուն է շրջանառվում, որոնց թվում նաև Ա. Փելեշյանի անունն է։ «Պետք է սպասել, տեսնել, թե ով է նշանակվում։ Ինչպես ժողովուրդն է ասում՝ մինչև նշանակման բարաթը չտեսնենք, կոռեկտ չէ թեկնածուների անուններ նշելը։ Երեկ էինք սպասում, այսօր էլ ենք սպասում, որ  կլինի նշանակումը»։  

Հարցին՝ իրավական հակասություն չկա՞ նրանում, որ անցած տարեվերջին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքում ամենաբարձր տոկոսներն ստացած «Ասլանյան դաշինքի» ղեկավար, Վանաձորի նախկին համայնքապետ Մամիկոն Ասլանյանը կալանքի տակ է և, չնայած այս հանգամանքին, ԺՊ է նշանակում։ «Իհարկե, ցավալի է, որ պարոն Ասլանյանը կալանքի տակ է, սակայն վերջերս տեղի ունեցավ օրենսդրական փոփոխություն  ՏԻՄ օրենքում, և  դրա հիման վրա արդեն կարող են ԺՊ նշանակել։ Իրականում մեզ խիստ անհրաժեշտ է ԺՊ-ն, քանի որ նրա լիազորությունները մեզ թույլ կտան շատ հարցեր լուծել քաղաքում։ Էնպես որ՝ ով էլ նշանակվի, մենք ուրախ կլինենք, որովհետև համայնքապետարանը և համայնքի կառավարումը  կընկնեն հունի մեջ։ ԺՊ-ի նշանակման պարագայում համայնքապետարանը շատ հարցեր, որոնք  համայնքի ղեկավարի լիազորությունների շրջանակում  են, կարող է լուծել։ Օրինակ՝ և՛ քաղաքացիներին մատուցվող ծառայությունների, և՛ մրցույթների անցկացման մասով խնդիրներ են առաջացել, ուստի խիստ անհրաժեշտ է համայնքի ղեկավարի կամ այդ պաշտոնում ժամանակավոր պաշտոնավարող անձի ստորագրություն։ Էնպես որ, ես ուրախ կլինեմ, որ պարոն Փելեշյանին կամ որևէ այլ անձի նշանակեն, որովհետև  համայնքի շահերից է բխում ունենալ մարդ, որը համայնքի կառավարման գործընթացը կկարողանա առաջ տանել»,-արձագանքեց Հովսեփյանը։ 

Ինչ վերաբերում է Փելեշյանին, ապա վերջինս, ըստ Հովսեփյանի, աշխատելով համայնքի ղեկավարի առաջին տեղակալ, բավականին մեծ հեղինակություն ունի աշխատակազմում և համայնքում։  Թերթերից մեկը, սակայն, գրել էր, որ վերջինս քրեական անցյալ ունի և վատ համբավ։ Ի պատասխան՝ Հովսեփյանն արձագանքեց.  «Մենք մարդուն դատում ենք աշխատելու կարողություններով, այսքանը կասեմ»։ 
 
Նշենք, որ շաբաթներ առաջ ԱԺ-ն արտահերթ նիստում հրատապ ռեժիմով ընդունեց «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություն նախատեսող օրինագիծը՝ այսպիսով հանգուցալուծելու արդեն չորսուկես ամիս համայնքի ղեկավար չունենալու հետևանքով  Վանաձորում ստեղծված իրավիճակը։  Համայնքը չի կարողանում լուծել իր կենսական խնդիրները, աղբահանություն և կոմունալ այլ ծառայություններ իրականացնող ընկերությունների հետ կնքված պայմանագրերի ժամկետներն արդեն ավարտվել են։ ԺՊ-ի նշանակումը հնարավորություն կտա լուծել համայնքի առկախված կառավարման հարցը։

Փոփոխված օրենքը, որն ապրիլի 6-ին ստորագրել է ՀՀ նախագահը ու ուժի մեջ մտել, վարչապետին լիազորություն է տալիս խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակել, եթե օրենքն ուժի մեջ մտնելուց հետո երկշաբաթյա ժամկետում ավագանին նիստ չգումարի, կամ ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցվեն։ ԺՊ-ի պաշտոնավարման կոնկրետ ժամկետ սահմանված չէ, այն պաշտոնավարում է մինչև ավագանու նոր ընտրությունները և ավագանու կողմից համայնքի ղեկավար ընտրելը։ 

Հավելենք, որ Վարչական դատարանը ամիսներ առաջ  արգելանք է սահմանել, ըստ որի՝ Վանաձորի ավագանին իրավունք չունի համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով նիստ գումարելու, քանի դեռ «Լուսավոր Հայաստան»-ը դատարաններում վիճարկում է ընտրությունների արդյունքները։  Վարչական դատարանն արգելանքի հարցը քննելու մասին հաջորդ նիստի օր է  նշանակել  հուլիսի 20-ը։  

Հիշեցնենք, որ 2021 թվականի դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքներով՝  ներկայումս կալանավայրում գտնվող Մամիկոն Ասլանյանի գլխավորած «Մամիկոն Ասլանյան» դաշինքը 15 մանդատ ստացավ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 9,  Փելեշյանի գլխավորած Հայաստանի աշխատավորական կուսակցությունը՝ 5,  «Հայրենիք» ու «Ապրելու երկիր» կուսակցությունները՝ յուրաքանչյուրը երկու մանդատ։ Ավագանի անցած 5 քաղաքական ուժերից որևէ մեկը չկարողացավ մեծամասնություն ունենալ ավագանիում։ Ընտրությունների արդյունքները  վիճարկած «Լուսավոր Հայաստան»-ը ստացել է քվեների 3,97 տոկոսը կամ 1314 ձայն։ 

Ամենաշատ ձայն ստացած Մամիկոն Ասլանյանը տեղական ընտրություններից հետո կալանավորվեց համայնքի ղեկավար եղած տարիներին պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և կեղծիք կատարելու մեղադրանքով։

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը «Ազատություն» ռ/կ-ի  հետ զրույցում, առանց ԺՊ-ի թեկնածուների անուններ նշելու, հայտարարել էր,  որ առնվազն մինչև ամառ վարչապետի նշանակած պաշտոնակատարը կղեկավարի համայնքը լիարժեք իրավունքներով։ 

«Ժամանակավոր պաշտոնակատարը բոլոր իրավունքները ունի, ինչ ընտրված քաղաքապետը, բացի կառուցվածքային փոփոխությունից»,- պարզաբանել  էր մարզպետը։ 

Հիշեցնենք, որ Վանաձոր համայնքի նախկին ԺՊ-ն Վանիկ Օհանյանն էր։ 

Հեղինե Մանուկյան