Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մինսկի խմբի այլընտրանքը լինելու է ռուս-թուրքական ֆորմատը․ սրանով է պայմանավորված հայկական կողմի պայքարը՝ արձանագրելու, որ Մինսկի խումբն այլընտրանք չունի․ Արեգ Քոչինյան․ տեսանյութ

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտում քննարկվում էր օրերս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի համատեղ ստորագրած հայտարարությունը։

Անդրադառնալով կենսաբանական լաբորատորիաների մասին հայտարարությունում առկա կետին, քաղաքագետ Արեգ Քոչինյանը նշեց, որ Հայաստանում երբեք չեն եղել և չկան օտարերկրյա կենսաբանական լաբորատորիաներ, ինչում համոզվելու հնարավորություն ունեցել են նաև ռուսաստանցի մեր գործընկերները։ 

ՄԱԿ-ում քվեարկությունները սինխրոնացնելու հետ կապված կետի մասին Քոչինյանը նշեց, որ այս կետը մտահոգիչ է, քանզի Հայաստանը որոշակի պարտավորություններ է վերցնում իր վրա ապագա քվեարկությունների հետ կապված։ Թե ինչքանով կկարողանա չկատարել այդ պարտավորությունները՝ ցույց կտա ժամանակը։

«Հայաստանն այս փաստաթղթով, ըստ իս, ուկրաինական սրացումից ի վեր առաջին անգամ՝ խախտեց իր չեզոք կարգավիճակը և որոշակի աջակցություն հայտնեց ՌԴ դիրքորոշմանը, հատկապես տնտեսական պատերազմում և Ռուսաստան-Արևմուտք հակամարտությունում։ Համաձայն եմ, որ այդ աջակցությունը հնարավորինս մեղմ լեզվով է արտահայտվել և ապագայում, եթե իրավիճակ փոխվի մեզ հնրավարություն է թողնվել որոշակի ետ քայլեր անելու, բայց ամեն դեպքում պետք է արձանագրել, որ սա առաջին քայլն էր դեպի այդ նեյտրալիտետի խախտումը։ Մեր արևմտյան գործընկերները թե ինչպես կընկալեն այս փաստաթուղթը՝ երկու տարբերակ կա՝ կամ կընկալեն, որ Սթոքհոլմյան սինդրոմին մոտեցող գերու կարգավիճակի խնդիր կա, կամ ՌԴ-ի ու Արևմուտքի միջև առճակատումը այն աստիճանի է խորացել, որ իրենք նույն տրամաբանությամբ ինչ աշխատում է Ռուսաստանը՝ կամ մեր դեմ եք, կամ մեր հետ, այդ նույն տրամաբանությամբ էլ Արևմուտքը կընկալի։ Սա նույնպես ժամանակը ցույց կտա», - անդրադառնալով տնտեսական պատժամիջոցների հետևանքները հաղթահարելու մասին կետին, ասաց Արեգ Քոչինյանը։

Մինսկի խմբի մասին կետին անդրադարձ կատարելով քաղաքագետն ասաց, որ հայկական կողմի դիրքորոշման ամենակարևոր հիմքն այն է, որ եթե չի լինում Մինսկի խմբի միջնորդությունը, ապա ինքնաբերաբար միջնորդությունը դառնում է ռուս-թուրքական։ «Սա շատ կարևոր է արձանագրել, քանի որ միջնորդությունը կդառնա ոչ թե ռուսական, այլ ռուս-թուրքական, և սրանով է պետք պայմանավորել հայկական կողմի համառ պայքարն առ այն, որ արձանագրվի, որ Մինսկի խմբի ձևաչափը այլընտրանք չունի, և, ի պատիվ հայկական կողմի, այդ կետն արձանագրվել է», - ասաց Քոչինյանը։

Մանրամասն՝ տեսանյութում