Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Hraparak․am-ի հերթական անանուն կեղծիքը Նիկոլ Փաշինյանի մասին

Hraparak․am-ի հերթական անանուն կեղծիքը Նիկոլ Փաշինյանի մասին
Քաղաքականություն
14:30, 25 апрель 2022
Hraparak.am-ը երեկ «Նիկոլ Փաշինյանը մինչև 2018-ը ոչ մի անգամ ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդ չի բարձրացել» վերնագրով հոդված էր հրապարակել, որտեղ, ինչպես և սովորաբար արվում է կեղծ լուրեր տարածող «լրատվականների» դեպքում, հղում էր արվել ինչ-որ անանուն աղբյուրի, որն իբր հանդիսանում է Նիկոլ Փաշինյանի վաղեմի ծանոթը և որը «լրատվականին» հայտնել է, որ Նիկոլ Փաշինյանը մինչև 2018-ը երբեք Ծիծեռնակաբերդ չի բարձրացել։ Ավելին, ըստ Hraparak-ի «աղբյուրի», Փաշինյանը միշտ բացասական վերաբերմունք է ունեցել Ցեղասպանության զոհերի հիշատակի, ցեղասպանության ճանաչումը Հայաստանի արտաքին քաղաքականության կուրս հռչակելու հետ կապված։ 

Այդ օրերին, ինչպես նշում է Hraparak.am-ի «աղբյուրը», այժմ Փաշինյանը ստիպված, կարգավիճակից ելնելով է այցելում Ծիծեռնակաբերդ, այն էլ՝  ճանապարհները փակելով, մարդկանց կանգնեցնելով, որ անվտանգությունը ապահովեն։

Հրապարակը, սակայն, այսպիսով հերթական կեղծիքն է մատուցում հասարակությանը,  և դա անում է միտումնավոր։ Եթե «լրատվականը» ցանկանար ճիշտը մատուցել, ապա կփորձեր գոնե ստուգել իրենց «աղբյուրի» տված տեղեկությունը և կտեսներ, որ Փաշինյանը մինչև 2018-ը մի քանի անգամ Ծիծեռնակաբերդ բարձրացել է ապրիլի 24-ին և դրա մասին բազմաթիվ հրապարակումներ կան։ Ավելին՝ նույնիսկ դա վկայող լուսանկարներ կան։ 

Մասնավորապես, համացանցում առկա են լուսանկարներ՝ արված 2012 թվականին, որտեղ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի և Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչների հետ երթով բարձրանում են Ծիծեռնակաբերդ։ Բացի դա, առկա են նաև հրապարակումներ 2016-ի և 2017-ի մասին։ Հետևաբար, Hraparak.am-ի պնդումը, թե Փաշինյանը մինչև 2018-ը երբեք չի բարձրացել Ծիծեռնակաբերդ, փոխարենը գնացել են պիկնիկի՝ միտումնավոր կեղծիք է։

Ինչ վերաբերում է ճանապարհները փակելուն, ապա սա մտնում է ԱԱԾ գործառույթների մեջ, և ճանապարհները փակվել են նաև նախկինում, մինչև Փաշինյանի՝ երկրի ղեկավար դառնալը և արվել ու արվում է բոլոր նմանօրինակ միջոցառումների ընթացքում։

Վովա Հակոբյան