Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քաղաքացու օրվան ընդառաջ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է մարզերի աշակերտներին

Քաղաքացու օրվան ընդառաջ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է մարզերի աշակերտներին
Քաղաքականություն / Հայաստան
17:44, 29 апрель 2022
Քաղաքացու օրվան ընդառաջ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ապրիլի 29-ին հանդիպել է ճանաչողական այցի շրջանակում Ազգային ժողովում գտնվող Քաղաքական դասընթացների երեւանյան դպրոցի` ՀՀ տարբեր մարզերի աշակերտներին:

Պատգամավորների տեղերում նստած պատանիներն ընդհանուր առմամբ տպավորվել էին դահլիճից: Նրանք միանշանակ համաձայն էին ԱԺ նախագահի այն դիտարկմանը, որ դահլիճին պատուհաններ են պակասում, որոնք, ի դեպ, միջազգային շատ խորհրդարաններում եւս բացակայում են:

ՀՀ ԱԺ նախագահի հետ հանդիպումն անցել է անկաշկանդ եւ անկեղծ մթնոլորտում: Աշակերտներին հետաքրքրող հարցերին Ալեն Սիմոնյանը տվել է սպառիչ պատասխաններ:

Մարզաբնակ աշակերտները խոսել են իրենց համայնքներում երիտասարդների զբաղվածությունը եւ ժամանցը մայրաքաղաքայինին մոտեցնելու հնարավորությունների մասին: Հանդիպման մասնակիցները պարզաբանումներ են խնդրել նաեւ հետպատերազմյան իրավիճակի, սահմանային անվտանգության եւ ընդդիմության դերի վերաբերյալ: Ավագ դպրոցի աշակերտներից շատերը նշել են, որ հետագայում քաղաքական գործիչ դառնալու ցանկություն ունեն` հետաքրքրվելով քաղաքականությամբ զբաղվելու թերություններով ու առավելություններով:

Հերոսներ ունենալու եւ ամեն կերպ նրանց նմանվելու հարցին ի պատասխան Ալեն Սիմոնյանը նշել է, որ պատանեկան տարիքում տպավորված հերոսներն ամենաանկեղծն են, եւ նրանց կերպարը կարող է ոգեւորել եւ մեծ հետք թողնել:

Աշակերտները նաեւ խորհուրդներ են հարցրել կյանքի տարբեր դրվագներում դիմակայելու եւ առաջ շարժվելու մասին, որոնց ի պատասխան ՀՀ ԱԺ նախագահը հիշեցրել է մշտական պայքարի եւ երբեք չհիասթափվելու մասին: Նրա խոսքով` մարտահրավերների դեմ պայքարն է կոփում, ստեղծում գրագետ քաղաքացի ու լավ մարդ, որոնք էլ հաջողության գրավականն են: