Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը մեզ համար ԼՂ հայության անվտանգության եւ իրավունքների հարց է․ Արմեն Գրիգորյան

Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը մեզ համար ԼՂ հայության անվտանգության եւ իրավունքների հարց է․ Արմեն Գրիգորյան
Քաղաքականություն
10:50, 30 апрель 2022
Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն անդրադարձել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի այն հայտարարությանը, որ Ադրբեջանի հիմնական ակնկալիքը Հայաստանից Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ճանաչումն է։ «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ Արմեն Գրիգորյանը նշել է, որ այդ հայտարարությունների համատեքստում Ադրբեջանի պաշտոնյաները պետք է կոնկրետացնեն, թե որ տարածքներն են տեսնում Ադրբեջանի տարածքային ամբողջականության մեջ, որպեսզի Հայաստանն իր դիրքորոշումը հստակեցնի։

-Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ Ադրբեջանի հիմնական ակնկալիքը Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ճանաչումն է։ Ո՞րնէ Հայաստանի դիրքորոշումն այս հարցում:

- Մենք արդեն հայտարարել ենք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի՝ փոխադարձաբար միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու առաջարկի մեջ անընդունելի ոչինչ չկա: Ասել ենք նաեւ, որ Հայաստանը եւ Ադրբեջանը դեռեւս 90-ականների սկզբին ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը: Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը մեզ համար ոչ թե տարածքային, այլ ԼՂ հայության անվտանգության եւ իրավունքների հարց է: Բայց Ադրբեջանի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների որոշ հայտարարություններ հստակ պարզաբանման անհրաժեշտություն են առաջացնում: Այդ հայտարարությունների համատեքստում՝ կարծում ենք Ադրբեջանի պաշտոնյաները պետք է կոնկրետացնեն, թե ո՞ր տարածքներն են տեսնում Ադրբեջանի տարածքային ամբողջականության մեջ, որպեսզի Հայաստանն իր դիրքորոշումը հստակեցնի: