Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռեյտինգայինից վերջնական հրաժարվելու համար անհրաժեշտ է, որ ընդդիմադիր խմբակցություններից գոնե մեկը կողմ արտահայտվի դրան

Ռեյտինգայինից վերջնական հրաժարվելու համար անհրաժեշտ է, որ ընդդիմադիր խմբակցություններից գոնե մեկը կողմ արտահայտվի դրան
Քաղաքականություն
19:14, 24 март 2021
«Խորհրդարանական մեծամասնությունը որոշում է կայացրել ընտրությունների գնալ փակ համամասնական ընտրակարգով՝ հրաժարվելով ռեյտնիգային ընտրակարգից»,-ԱԺ-ում այսօր հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 
 
Որոշ տեղեկություններով՝ այս փոփոխության վերջնական ընդունման և կիրառման համար անհրաժեշտ է կոնսենսուս, որ ընդդիմադիր խմբակցություններից գոնե մեկը՝ օրինակ, ԲՀԿ-ն, կողմ արտահայտվի ընտրակարգի փոփոխությանը։ Հակառակ պարագայում, հնարավոր է, օրինակ, ՀՀ նախագահը չստորագրի ԱԺ օրինագիծը՝ պատճառաբանելով, թե կոնսենսուս չկա ընտրակարգի շուրջ։ 

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը Civic.am-ի հետ զրույցում ասաց, որ միայն ռեյտինգային ընտրակարգը համամասնականի փոփոխելու տարբերակը քննարկվում է և իրենց համար կարևոր է, որ գերակշռող մեծամասնությունը կողմ լինի դրան։ Ընդ որում՝ խոսքը ոչ միայն խորհրդարանական խմբակցությունների մասին է, այլև արտախորհրդարանական ուժերի։ 

«Լուսավոր Հայաստանը մինչ այս կողմ է եղել համամասնականին, հիմա ասում է՝ չէ։  ԲՀԿ-ն  ասում է՝ իմ համար տարբերություն չկա, բայց մենք պետք է հաշվի առնենք նաև արտախորհրդարանական ուժերի, հասարակական կազմակերպությունների, միջազգային կառույցների կարծիքը։ Եթե շահագրգիռ բոլոր կողմերի գերակշիռ մեծամասնությունը  կողմ եղավ, բնականաբար  մենք գնալու ենք այդ փոփոխություններին։ Փոփոխությունների ծավալն ու շրջանակը դեռ քննարկման ենթակա է»,-ընդգծեց Հովակիմյանը։  

Ընտրական բարեփոխումների, Ընտրական նոր օրենսգրքի նախագծի վրա աշխատած Վարդինե Գրիգորյանը Civic.am-ի հետ զրույցում ասաց, որ ճիշտ լուծումը կլինի այն, որ հիմա փոխվի ընտրակարգը, որպեսզի պոտենցիալ թեկնածուների, կուսակցությունների համար հասկանալի լինի, թե ինչպես են ձևավորում իրենց ցուցակները, բայց Վենետիկի Հանձնաժողովի եզրակացությունից հետո , մինչև ընտրությունները, փոփոխվի նաև մնացած մասը։ 

Իսկ եթե ամեն դեպքում որոշում կայացվի փոփոխել միայն համամասնական ընտրակարգը, ապա դա կնշանակի ընտրական բարեփոխումների հանձնառության  չիրականացում։ «Ես հույս ունեմ, որ այս Ազգային ժողովը մինչև իր աշխատանքի ավարտը կկատարի իր խոստումը և կընդունի Ընտրական օրենսգիրքը։ Չեմ կարծում, որ այս հարցն անգամ կոնսենսուսի կարիք ունի։ Ավելի որակյալ ընտրություններ անցկացնելը պետության պարտավորությունն է և առաջին հերթին իշխող խմբակցությունը պետք է կատարի իր վրա դրված այդ պարտավորությունը»,-ընդգծեց Գրիգորյանը։

Մեր զրուցակցի խոսքով՝ այսպես թե այնպես նոր օրենսգրքի  գրեթե 90 տոկոսը կիրառվելու է  հաջորդ ընտրություններին ։ Այս ընտրություններին շատ քիչ մասը կարող է կիրառելի լինել, բայց ամեն դեպքում, եթե նոր օրենսգիքրը չընդունվի, դա շատ խնդրահարույց կլինի։ «Բայց ես դեռ մեծ հույս ունեմ, որ Վենետիկի հանձնաժողովի կարծիքի հիման վրա կընդունվի նաև մնացած մասը։ Ընտրությունների որակի առումով շատ կարևոր է  համամասնական ընտրակարգի ընդհանուր ընդունումը  և պատասխանատվության համապատասխան միջոցների կիրառումը»,-ասաց Գրիգորյանը։ 

ԸՕ նախագծի վրա աշխատած Գրիգորյանի համար հասկանալի չեն ԼՀԿ ղեկավար  Էդմոն Մարուքյանի փաստարկները, թե չի կարելի ընտրություններից 3 ամիս առաջ խաղի կանոններ փոխել։ Մեր զրուցակցի խոսքով՝ դեռ երեք տարի առաջ էր պարզ, որ տարածքային ցուցակները փոփոխվելու են և լինելու է համամասնական ընտրակարգ։ 

Հետևաբար ընտրություններից 3 ամիս առաջ դրան ընդդիմանալն է խաղի կանոնների  փոփոխություն․ «Այս պահին համամասնականից հետ կանգնելն է խաղի կանոնների փոփոխություն։ Բոլոր կուսակցությունները, նաև արտախորհրդարանական կուսակցութուններն են պատրաստ եղել համամասնական ընտրակարգի։ Անընդունելի է դրան հակադրվելը։ Հակառակ պարագայում կստացվի, որ ԱԺ-ն պատրաստվում է  նույն ուժերով վերարտադրվել և ոչ մի նոր ուժի մասին խոսք լինել չի կրող։ Բայց եթե մենք խոսում ենք կոնսենսուսի մասին, ապա արտախորհրդարանական ուժերը չպետք է դուրս մնան այդ կոնսենսուսից»,-եզրափակեց Վարդինե Գրիգորյանը։

Նշենք, որ Ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը սպասվում է մինչև ապրիլի 20-ը։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարել է Վլադիմիր Վարդանյանը։ 

Արփի Հարությունյան