Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Հեղափոխությունից հետո սկսեցին մեզ մեղադրել, թե «հեսա հողերը տալու եք», երբ իրենք արդեն պայմանավորվել էին հողերը տալ»․ Արթուր Հովհաննիսյան

«Հեղափոխությունից հետո սկսեցին մեզ մեղադրել, թե «հեսա հողերը տալու եք», երբ իրենք արդեն պայմանավորվել էին հողերը տալ»․ Արթուր Հովհաննիսյան
Քաղաքականություն / Հայաստան
21:04, 24 март 2021
Civic.am-ի հյուրը «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանն է, ում հետ զրուցել ենք Սերժ Սարգսյանի գրասենյակի՝ օրեր առաջ տարածած հայտարարության, արտահերթ ընտրությունների և ներքաղաքական իրավիճակի մասին։

Պատասխանելով Սերժ Սարգսյանի գրասենյակի հայտարարության այն հատվածին, որտեղ նշվում էր, թե 2019 թվականի ապրիլին հայկական կողմին առաջարկվել է ԼՂՀ կարգավորման փուլային տարբերակ, որի մասին իշխանությունները չեն բարձրաձայնել, Արթուր Հովհաննիսյանը նշեց, որ նախ չի ցանկանում մեկնաբանել «մերժվածի» հայտարարությունները, որովհետև դրանք մեծ հաշվով մեկնաբանելու ենթակա չեն, հաշվի առնելով քաղաքական պատմության ընթացքում Սերժ Սարգսյանի՝ ժողովրդին անդադար խաբելու, ժողովրդին թալանելու հանգամանքները, և ապա, ինչ վերաբերում է բանակցային գործընթացին և իշխանության գործողություններին, Հովհաննիսյանը նշեց, որ իրենց գլխավոր նպատակներից մեկը հեղափոխությունից հետո եղել է բանակցային պրոցեսը բանակցային հուն բերելը, որովհետև իրավիճակը այնպիսին էր, որ բանակցային գործընթացը  գտնվում էր փակուղում։

«Շրջանները հանձնելու մասին հստակ խոսակցություններ, պայմանավորվածություններ էին եղել նախկին իշխանությունների հետ, երկար տարիների ընթացքում, և այս համատեքստում մերժվածի հայտարարությունները տրամաբանությունից դուրս են», - ասաց Արթուր Հովհաննիսյանը։

Անդրադառնալով արտահերթ ընտրություններին և դրա հնարավորությանը, Արթուր Հովհաննիսյանը նշեց, որ իրենք հայտարարել են, որ ընտրությունները քաղաքական ճգնաժամը հաղթահարելու միակ ճանապարհն են։ Ինչ վերաբերում է ընդդիմադիր որոշ ուժերի պնդումներին, թե սա կարող է լինել Նիկոլ Փաշինյանի հերթական բլեֆը և երբ ընդդիմության հավաքած թափը կոտրվի հնարավոր է, որ իշխանությունները ետ կանգնեն արտահերթ ընտրություններ անցկացնելու մտքից, Հովհաննիսյանն ասաց․ «Նախ՝ ընդդիմությունը թափ չի հավաքել, իսկ ինչ վերաբերում է բլեֆին, ես չեմ հիշում որևէ իրադարձություն մեր կառավարման տարիներին, որտեղ նմանատիպ սցենարով մենք առաջնորդվենք»։

Հովհաննիսյանը գտնում է, որ ռեյտինգային ընտրակարգը ավելի շատ նյութական ռեսուրսների պայքար է։ «Մենք այս պահին արդեն քննարկումներ ունենք ընդդիմադիր ուժերի հետ՝ համամասնական ընտրակարգով ընտրություններ անցկացնելու մասին։ Հույս ունեմ, որ այս մասով ևս կլինի կոնսենսուս», - ասաց պատգամավորը։

Ընտրական օրենսգրքի ամբողջական փաթեթը ընդունելու դեպքում, ըստ Հովհաննիսյանի ժամկետների հետ կապված տեխնիկական որոշակի խնդիրներ հնարավոր է առաջանա, իսկ առանձին՝ որոշակի դրույթների ընդունումը, մասնավորապես ընտրակարգի փոփոխությունը՝ ոչ։

Խոսելով ընտրությունները կեղծելու հնարավորության մասին, Հովհաննիսյանն ասաց, որ, իր կարծիքով, միակ քաղաքական ուժը, ում չի կարելի մեղադրել ընտրակեղծիքների մեջ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ու «Իմ Քայլը» դաշինքն է։

«Հեղափոխությունից հետո մարդիկ սկսեցին մեզ մեղադրել, որ «հեսա հողերը տալու եք», այն դեպքում, երբ իրենք արդեն պայմանավորվել էին հողերը տալ։ Այսինքն՝ այս տրամաբանությունը մեզ հուշում է, որ մենք գործ ունենք մարդկանց հետ, որանք մեզ մեղադրում են բոլոր այն մեղքերի մեջ, որոնք հենց իրենք են գործել։ Եվ ընտրակեղծիքների թեման այս տրամաբանության մեջ է», - ասաց Հովհաննիսյանը։
 
 
Մանրամասները՝ տեսանյութում:
 
Վովա Հակոբյան