Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ոստիկանությանը կոչ եմ անում անհանդուրժող լինել բռնության, բռնության կոչերի, սադրանքների, հայհոյախոսության նկատմամբ. Արուսյակ Ջուլհակյան

Այսօր՝ մայիսի 3-ին, Ազգային ժողովում հայտարարությունների ժամին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը հիշեցրեց, որ շաբաթներ առաջ խորհրդարանական ընդդիմությունը լքեց ԱԺ նիստերի դահլիճը և հայտարարեց, որ գնում են Արցախը փրկելու. «Ավելի վաղ նրանք արտաքին խրամատն էին լքել»:

Նա նշեց, որ նախկին երկու նախագահները իրենց կոչերով բացահայտեցին իրենց իրական նպատակը՝ վերազավթել իշխանությունը Հայաստանում՝ օգտագործելով Արցախի հարցը. «90-ականներին նրանց արդեն մեկ անգամ հաջողվել է Արցախը փրկելու խոստումներով զավթել իշխանությունը և իրականում զբաղվել սեփական ընտանիքի ունեցվածքի կտրուկ ավելացմամբ՝ անխնա թալանելով Արցախն ու Հայաստանը և չթողնելով Արցախի փրկության որևէ հույս: Նույնն էլ հիմա է՝ ցանկանում են վերազավթել իշխանությւոնը և Արցախը փրկելու փոխարեն փրկել տարիներ շարունակ թալանածը»:

Նրա խոսքով՝ այս մարդիկ միակ բանը, որ կարող են անել, Հայաստանի համար երկրորդ ճակատ բացելն է. «Նրանք փորձում են օգտագործել ժողովրդավարական գործիքները հակաժողովրդավարություն բերելու համար»:

Արուսյակ Ջուլհակյանը ոստիկանությանը կոչ արեց անհանդուրժող լինել բռնության, բռնության կոչերի, սադրանքների և հայհոյախոսության նկատմամբ. «Մենք հանցավոր խմբակներին թույլ չենք տալու կրկին զավթել ժողովրդին պատկանող իշխանությունը»:

Մանրամասն՝ տեսանյութում: