Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը ցույց են տվել, թե որքան շատ չեն սիրում մեր ժողովրդին, բայց մեր ժողովուրդը նրանց չի սիրում ավելի շատ. Արթուր Հովհաննիսյան

Այսօր՝ մայիսի 3-ին, Ազգային ժողովում հայտարարությունների ժամին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը իր ելույթում հայտարարեց, որ կոնկրետ խմբեր փորձում են օգտագործել ժողովրդավարության ընձեռած ազատությունները որպես սանձարձակություններ իրականացնելու միջոց և ՀՀ ժողովրդի իշխանությունը կրկին վերազավթելու միջոց:

 «Ընդդիմությունը փչում է, կրկին փչում է կեղծ իրականության պղպջակը, որի մեջ բարձր ձայնով և դեմքի վստահությամբ իրենք իրենց խաբել են, որ ժողովրդին տասնամյակներ կեղեքելուց հետո կարող են նորից ստանալ այդ նույն ժողովրդի աջակցությունը»,- ասաց նա և հավելեց, որ նման մի պղպջակ արդեն իսկ պայթել է նոյեմբերի 9-ին հաջորդող ամիսներին:

Նրա խոսքով՝ ընդդիմադիրների գործողություններն իրոք միտված են փրկելու կամ փրկվելու, բայց խոսքը բացառապես իրենց գողացածի փրկության մասին է:

Արթուր Հովհաննիսյանն ընդգծեց, որ իրենք կանխելու են ժողովրդավարության նկատմամբ ցանկացած հարձակում. «Օրենքի դիկտատուրայի տրամաբանության ներքո: Շարունակում են փչել կեղծիքի պղպջակը՝ չհասկանալով, որ որքան շատ են փչում, և որքան մեծանում է պղպջակը, այնքան ավելի ցավոտ է լինելու պայթյունը»:

Պատգամավորն ընդգծեց. «Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի պայքարը Հայաստանում չի կարող ստանալ ժողովրդի աջակցությունը, որովհետև նրանք իրենց գործով, իսկ հիմա նաև խոսքով ցույց են տվել, թե որքան շատ չեն սիրում մեր ժողովրդին, բայց նրանք չեն հասկացել, որ մեր ժողովուրդը նրանց չի սիրում ավելի շատ»:

Մանրամասն՝ տեսանյութում: