Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դուք ունեք ուժեղ ու իրական բարեկամ և գործընկեր ի դեմս Միացյալ Նահանգների․ Բլինքենը՝ Միրզոյանին

Դուք ունեք ուժեղ ու իրական բարեկամ և գործընկեր ի դեմս Միացյալ Նահանգների․ Բլինքենը՝ Միրզոյանին
Քաղաքականություն
19:45, 03 май 2022
Մայիսի 2-ին աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը ներկայացրել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և  ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ելույթները:

Պետքարտուղար Բլինքեն․  Ողջունում եմ բոլորին։ Մեծ սիրով այստեղ՝ Միացյալ Նահանգների պետքարտուղարությունում  ողջունում եմ Հայաստանի արտգործնախարարին։ Արարատ, ուրախ եմ, որ այսօր այստեղ եմ՝ Ձեզ հետ  և Ձեր ողջ թիմի հետ։ Մենք շատ լավ երկխոսություն, մտքերի փոխանակում ունեցանք, ինչը մեծապես նպատակ ունի վերականգնել հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսությունը, որը ՔՈՎԻԴ-ով պայմանավորված կասեցվել էր։

Սա շատ կարևոր հարթակ է, որի  միջոցով կարող ենք խորացնել և ամրապնդել մեր հարաբերությունները և փնտրել համագործակցության և փոխգործակցության նոր եզրեր, և շատ ուրախալի է, որ դա կարող ենք հիմա անել։ Միաժամանակ, մենք ստորագրելու ենք միջուկային համագործակցության մասին այս փոխըմբռնման հուշագիրը, որը թե՛ Հայաստանի, թե՛ Միացյալ Նահանգների համար բացում է  համագործակցություն նոր ուղիներ և կարծում եմ, որ կարող է նաև ծառայել մեր երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը։

Առիթից՝ նախ ուզում եմ գովեստով արտահայտվել վարչապետի և նրա ղեկավարած կառավարության ստանձնած ժողովրդավարական բարեփոխումների ու դրանց ընթացքի մասին։ Նաև ցանկանում եմ ողջունել Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությունը և երախտագիտություն հայտնել տեսլականի, խիզախության և ճկունության համար, որը վարչապետը և Հայաստանը ցուցաբերում են տևական խաղաղության հասնելու գործընթացում, ինչը բոլորիս նպատակն է։

Եվ ի վերջո, պ-ն Նախարար, թույլ տվեք Ձեզ և Ձեր գործընկերներին հայտնել, որ մեր հարաբերությունների խորացման ու ամրապնդման հարցում անչափ ուրախ ենք աշխատել Ձեզ հետ։ Շատ ու շատ առումներով այսօր մարտահրավերներով լեցուն ժամանակներ են և մարտահրավերներ են ծառացած նաև Հայաստանի առաջ, բայց իմացեք, որ դուք ունեք ուժեղ և իրական բարեկամ և գործընկեր ի դեմս Միացյալ Նահանգների։

 Արտգործնախարար Միրզոյան․
Շնորհակալություն։ Մեծարգո պետքարտուղար Բլինքեն, ուրախ եմ անչափ այստեղ լինել։ Շնորհակալ եմ Ձեր հրավերի և ջերմ ընդունելության համար։ Այս տարի մենք նշում ենք հայ-ամերիկյան դիվանագիտական հարաբերությունների 30 տարին և այդ ժամանակահատվածում մեզ հաջողվել է շատ ամուր հարաբերություններ ձևավորել, որոնք հիմնվում են ժողովրդավարության, մարդու իրավունքների և իրավունքի գերակայության ընդհանուր արժեքների վրա։ 2018թ․ Թավշյա հեղափոխությունից հետո մեր համագործակցությունը, փոխգործակցությունը համատեղ ջանքերով հասցվել է մի նոր՝ Ռազմավարական երկխոսության մակարդակի։ Նշանակալի է նաև, որ ես այստեղ եմ գտնվում մասնակցելու Ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստին։ Այս նիստի ընթացքում մեր ուշադրության կենտրոնում էին ժողովրդավարական բարեփոխումները, արդարադատության բարեփոխումները, համագործակցությունը բանկային ոլորտում, պաշտպանության ոլորտում համագործակցության խորացման ուղիների դիտարկումը, և, իհարկե, կոռուպցիայի դեմ պայքարն ու էլի շատ այլ հարցեր։ Մենք բարձր ենք գնահատում մեր բարեփոխումներին աջակցելու ԱՄՆ ջանքերը։ Հայաստանը նաև բարձր է գնահատում Միացյալ Նահանգների աջակցությունը էներգետիկ ոլորտի զարգացման ասպարեզում․ ես խոսում էի նոր ուղղությունների դիտարկման մասին և այսօր պատիվ ունեմ նաև Ձեզ հետ ստորագրել փոխըմբռնման հուշագիր քաղաքացիական միջուկային համագործակցության մասին։ Ուզում են նաև նշել, որ մենք արժևորում ենք մեր փոխգործակցությունը տարածաշրջանում խաղաղության և կայունության հասնելու հարցում և այս առումով կուզենայի ընդգծել այն կարևոր դերը, որն ունի Միացյալ Նահանգները՝ որպես միջազգային հանրության կողմից Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը աջակցելու մանդատ ստացած Մինսկի խմբի համանախագահ։ Բարձր եմ գնահատում նաև ԱՄՆ-ի աջակցությունը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին և Միացյալ Նահանգների միանշանակ դիրքորոշումը Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման և այս տարի դրա հաստատման հարցում։ Շնորհակալություն։