Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ընդդիմությունը չի կարողանում օրակարգ ստեղծել, որի շուրջ կմոբիլիզացնի հանրությանը․ Սոնա Ղազարյան

«Մեր քաղաքական թիմը վարում է բավականին բալանսավորված քաղաքականություն և մշտապես, մենք մեր բոլոր գործընկերների հետ տանում ենք բազմակողմանի քաղաքականություն ու ԱՄՆ-ն էլ բացառություն չէ»,- այդ մասին Civic.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը՝ մեկնաբանելով այն, որ Արարատ Միրզոյանի և ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի հանդիպումը մեկնաբանվում է որպես Հայաստանի արտաքին վեկտորի փոփոխություն։
 
Խոսելով ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի և Թուրքիայի բանագնաց Սերդար Քըլըչի հանդիպման ակնկալիքների մասին, պատգամավորն ասաց, որ պետք չի ակնկալիքներ ձևավորել՝ լավ կամ վատ, քանի որ երկար ճանապարհ կա անցնելու, բայց իր համար ամենակարևորն այն է, որ արդեն երկրորդ անգամ է՝ նույնաբովանդակ տեքստերով հանդես են գալիս երկու կողմերն էլ, որ գործընթացը տեղի է ունենում առանց նախապայմանների, ինչը ձեռքբերում է։

«Եվ ես կարծում եմ, որ շատ կարևոր է, որ այս խոսակցությունն առհասարակ տեղի է ունենում, որովհետև, եթե դու չես խոսում նույնիսկ քո վատագույն թշնամու հետ՝ խոսքերը շատ հեշտ կարող են փոխարինվել կրակով, զենքով։ Եվ առհասարակ, ես կարծում եմ, որ միջազգային պրակտիկան ցույց է տալիս, որ լավագույն միջոցը՝ ներժողովրդական կամ ներպետական խնդիրների հանգուցալուծման, դա հենց խոսքի միջոցով է։ Եվ առհասարակ, այն որ դա տեղի է ունենում, ես շատ բարձր եմ գնահատում»,- ասաց Սոնա Ղազարյանը։   

Անդրադառնալով ընդդիմության հռետորաբանությանը, Սոնա Ղազարյանն ասաց, որ այն հռետորիկան որով առաջնորդվում է ընդդիմությունը, նոր չէ։
 
«Նոյեմբերի 9-ից հետո, կարծես, փոփոխություն չկա, և  ես կարծում եմ, որ ընդդիմությունը կարիք ունի նստելու, հասկանալու՝ ինչն են անում ոչ այնպես, որ չեն կարողանում գեներացնել, իրենց շուրջ մոբիլիզացնել հասարակությանը և առհասարակ, երբ որ տեղի ունեցան արտահերթ ընտրություններ, թվում էր, թե հասարակությունը պատասխան տվեց բոլոր այն հարցերին, որոնք նրանք առաջ են քաշում, բայց դասեր չեն քաղել իրենց անցյալից, ինչը բերելու է  նույն արդյունքին, ինչ որ  արտահերթ ընտրություններից առաջ նրանց ցույցերն էին։ Նրանք փորձում են կրկնօրինակել հեղափոխությունը՝ թյուրիմացաբար կարծելով, որ հեղափոխությունը տեխնոլոգիա է։ Մենք փողոց էինք դուրս եկել, որովհետև զրկված էինք օրինական ձևով իշխանություն ձևավորելու իրավունքի, մեր բողոքը լեգիտիմ էր և ուզում էինք արտահերթ ընտրությունների միջոցով ձևավորել իշխանություն»,- աաց Սոնա Ղազարյանը։ 

Նա նաև նշեց, որ այսօրվա ընդդիմությունը արտահերթ ընտրությունների պահանջ չի դնում, որովհետև գիտեն, որ պատկերը նույնն է լինելու, նրանք չեն կարողանում օրակարգ ստեղծել, որի շուրջ կմոբիլիզացնենհանրությանը։    

Մանրամասները՝ տեսանյութում:

Լիլիթ Թադևոսյան