Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Պետք է կոտրել, փչացնել Փաշինյանի հենարանը՝ «Իմ քայլը»․ Վազգեն Մանուկյան

«Պետք է կոտրել, փչացնել Փաշինյանի հենարանը՝ «Իմ քայլը»․ Վազգեն Մանուկյան
Քաղաքականություն
16:01, 12 февраль 2021
 
Այսօր Ազատության հրապարակում միայնակ հանրահավաք հրավիրած Վազգեն Մանուկյանը նախ խոսեց լրագրողների հետ՝ հայտարարելով, որ Փաշինյանին հեռացնելու համար պետք է «կոտրել, փչացնել» Փաշինյանի հենարանները։ «Իսկ ովքե՞ր են իրա հենարանները․ դա ԱԺ «Իմ քայլն է», պետք է աշխատել «Իմ քայլի» հետ։ Մի մասը՝ ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներն են։ 2-3 հենարան կա, եթե այդ հենարանները փլվեն, ինքն էլ կփլվի»,-իր պատկերացրած ճանապարհը  բացահայտեց Վազգեն Մանուկյանը։ 

Դիտարկմանը, թե 3 ամիս է դա են ասում, Մանուկյանը պատասխանեց, որ «Իմ քայլի» հետ աշխատել ասելով՝  նկատի ունի հետևյալը․ «Երբ որ ժողովուրդը ոտքի է կանգնում, «Իմ քայլի» բազմաթիվ պատգամավորներ փորձում են այդտեղից անցնել ուրիշ կողմ։ Երբ որ շարժումը թուլանում է, մտածում են՝ ամեն ինչ վերջացավ, նորից գնում են այն կողմ։ Այսինքն՝ շարժումը պետք է վերականգնել ամսի 20-ին և ոչ մի դեպքում էլ հետ չնահանջել»։  

Նշենք, որ չնայած 16 կուսակցությունները հայտարարել են փետրվարի 20-ին համատեղ հանրահավաք անցկացնելու մասին, «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանն երեկ հայտարարություն տարածեց, որով  կոչ էր արել հավաքվել Ազատության հրապարակում և որոշել ազգի հետագա ճակատագիրը։ Հայտարարությունն արվել էր ոչ թե շարժման, որի վարչապետի միասնական թեկնածուն է Մանուկյանը, այլ միայն Մանուկյանի կողմից։ Այսինքն՝ հանրահավաքը 16 կուսակցությունների նախաձեռնությունը չէ։ 

Թեև շարժման որոշ ներկայացուցիչներ հանուն համերաշխության ներկա էին հրապարակում, այսօրվա հանրահավաքը բավական սակավաթիվ էր․ շատ քիչ մարդ կար։ Վազգեն Մանուկյանը այն պարզապես հավաք անվանեց․ «Այսօր հանրահավաք չի, ես ուղղակի հրավիրեցի հավաքի՝ քննարկելու հարցեր։ Սա իմ անձնական նախաձեռնությունն է»։ 

Վազգեն Մանուկյանն այսօր էլ կրկնեց, որ ինքը ապստամբության կողմնակից է։ «Ես իմ կողմից միշտ էլ կխրախուսեմ ապստամբությունները»,-հայտարարեց նա։

Հիշեցնենք, որ հանդիպումների ժամանակ շենքեր գրավելու, զինված հեղաշրջման, ապստամբության մասին նրա կոչերի տեսագրությունները գլխավոր դատախազությունն ուղարկել է ԱԱԾ՝ ընթացք տալու համար։