Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀԿ-ն, ջուրը չտեսած, չի բոբիկանա․ Սերժ Սարգսյանն ասում է՝ տեսնենք

Սերժ Սարգսյանն այսօր  լրագրողների հարցերին ուներ միայն մեկ պատասխան՝ տեսնենք։ Նա այդպես պատասխանեց, երբ  հարց ուղղվեց, թե ինչպես է առաջիկա խորհրդարանական ընտրություններին արտահայտվելու նրա դերակատարումը՝ «խրամատը չլքելու»՝ մի քանի օր առաջվա հայտարարությունից հետ։ Մնացած հարցերին նա որևէ կերպ չարձագանքեց։
ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն ու մյուս կուսակիցները Կոմիտասի անվան ազգային պանթեոնում ծաղիկներ էին  խոնարհում վարչապետ Անդրանիկ Մարգարյանի շիրմին։

ԱԺ նախկին նախագահ, ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանի կարծիքով՝ հունիսին ընտրություններ չեն լինելու, որովհետև այս երեք տարիներին իշխանությունից հիմնականում լսել են ստախոսություններ և սա էլ դրա մասնիկներից պիտի լինի։
Նրա խոսքով՝ Հանրապետական կուսակցությունն այս պահին ընտրություններին ամենապատրաստ քաղաքական ուժն է և ցանկացած դեպքում իր դիրքորոշումները կարտահայտի։

Թե ինչ ցուցակով են գնալու ընտրության, Գալուստ Սահակյանի խոսքով, նման խնդիրներ չեն քննարկում և իրենց համար գլխավոր խնդիրն այն է, որ իշխանությունը փոխվի և իշխանության առաջնորդ դառնա հայամետ, հայապաշտպան և հայկական գաղափարախոսություն ունեցող անձ։

«Ես չեմ կարծում, որ նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի միջև ընտրությունների մասով խնդիրներ կան և ոչ էլ նման խնդիրներ մեզ մոտ քննարկվում են», - ասաց Գալուստ Սահակյանը՝  պատասխանելով երկու նախագահների միջեւ  հնարավոր տարաձայնություններին։

ՀՀԿ անդամ Էդուարդ Շարմազանովը նշեց, որ մի մարդու ֆեյսբուքյան գրառումը բավարար չէ, որ ինքը ասի՝ հունիսի 20-ին լինելու է ընտրություն, մինչև օրը պաշտոնապես չհաստատվի։

Արտահերթ ընտրությունների օրը հայտարարելուց հետո ստեղծված  հարաբերական հանդարտությունը, որ անգամ խորհրդարանական ընդդիմությունն է նկատում, Էդուարդ Շարմազանովի կարծիքով՝ գուցե հանդարտություն է փոթորիկից առաջ․
«Նիկոլ Փաշինյանը կարող է առավոտյան որևէ բան ասել, երեկոյան հերքել, հետո գալ Ազգային ժողովում իր երկու հայտարարությունները, որ հստակ հակասական են, ասի հակասական չեն։ Ո՞ւմ հետ ենք մենք հույս կապում, մի մարդու գրառման հետ, որ 44-օր ասում էր հաղթում ենք, հետո պարզվեց պարտվում ենք», - ասաց Շարմազանովը։
Նրա խոսքով՝ Հայաստանի փրկության և խնդիրների լուծման առաջին քայլը պետք է լինի Նիկոլ Փաշինյանի հրաժարականը․
«Նա ինչ ասում է, մի վայրկյան հետո թուրքերը դրական են արձագանքում։ Նա ասում է՝ ռազմական հեղաշրջման փորձ, Թուրքիայի արտաքին գործերի նախագահն ասում է՝ ռազմական հեղաշրջման փորձ, նա ասում է՝ արտահերթ ընտրություններ, Թուրքիայի Ազգային ժողովի համապատասխան հանձնաժողովի նախագահի տեղակալը Թուրքիայի կողմից ասում է՝ այո, ողջունում են և այլն», - ասաց նա։

Նիկոլ Փաշինյանին հեռացնելու ճանապարհները Շարմազանովը չնշեց, բայց ասաց` ամեն դեպքում, ինքը ցնցումներին դեմ է։
«Հայաստանի հանրապետական կուսակցության օրակարգում այս պահին արտահերթ ընտրությունների հարց դրված չէ։ Չի կարելի ջուրը չտեսած բոբիկանալ», - ասաց Էդուարդ Շարմազանովը։

Նա նույնպես պատասխանեց Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի միջև առկա հավանական տարաձայնությունների մասին հարցին` նշելով, որ ՀՀԿ-ն Ռոբերտ Քոչարյանի կալանավորման ժամանակ միակ կուսակցությունն էր, որ նրան համարում էր քաղաքական բանտարկյալ և պայքարում էր նրա ազատության համար, քանի որ  նրանք մարտական ընկերներ են և ամեն ինչ արվում էր հենց Սերժ Սարգսյանի ղեկավարությամբ։