Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՓՇ-ում արդեն չեն հիշում, որ արտահերթին մասնակցելը «դավաճանություն» է և «Փաշինյանի օրակարգի սպասարկում»

ՀՓՇ-ում արդեն չեն հիշում, որ արտահերթին մասնակցելը «դավաճանություն» է և «Փաշինյանի օրակարգի սպասարկում»
Քաղաքականություն
15:50, 25 март 2021
Չնայած ոչ վաղ անցյալում Հայրենիքի փրկության շարժման կուսակցությունների շրջանում Նիկոլ Փաշինյանի կազմակերպած ընտրություններին մասնակցելը հավասարեցվում էր դավաճանության և կտրուկ մերժվում, այժմ ՀՓՇ կուսակցությունները հերթով ցանկություն են հայտնում մասնակցել ընտրություններին կամ գոնե հայտարարում են, թե քննարկելու են իրենց մասնակցության հարցը։ 

Civic.am-ի հետ զրույցում ՀՓՇ վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի խոսնակ Անի Գասպարյանը չհերքեց լուրերը, որ «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը առաջիկա ընտրությունների հարցով հանդիպում է ունեցել Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Ռոբերտ Քոչարյանի, Գագիկ Ծառուկյանի եւ մյուսների հետ։ «Հանդիպումներ լինում են, ես չեմ կարող հստակ ասել նման հանդիպում եղե՞լ է, թե՞ ոչ, բայց հանդիպումներ եղել են». - ասաց նա։

Պատասխանելով հարցին՝ հնարավո՞ր է՝ ընտրությունների ընթացքում Վազգեն Մանուկյանը աջակցի Ռոբերտ Քոչարյանին, Գասպարյանն ասաց. «Աջակցել ասելով՝ ի՞նչ նկատի ունեք՝ հոգեբանորե՞ն։ Պարոն Մանուկյանը հայտարարել է, որ ընտրություններին որևէ ձևաչափով չի մասնակցելու, քանի որ համարում է, որ այս պահին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելը սխալ է»։

Մեր այն դիտարկմանը, որ նախկինում ՀՓՇ հարթակից հնչում էին հայտարարություններ, որ գործող վարչապետի կազմակերպած ընտրություններին մասնակցելը դավաճանություն է եւ դա նշանակում է շարժվել Փաշինյանի օրակարգով, իսկ այժմ շարժման աջակից ուժերը պատրաստ մասնակցել ընտրություններին կամ գոնե քննարկում են հարցը՝ Վազգեն Մանուկյանի խոսնակը պատասխանեց, թե չի հիշում, որ նման պաշտոնական հայտարարություն եղած լինի: 

«Մենք ասում ենք՝ մեր օրակարգը հետևյալն է. գործող իշխանության հրաժարական, ժամանակավոր կառավարության ձևավորում, որից հետո արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացում։ Իրենք հայտարարում են, որ  չեն շեղվել»,- ասաց Մանուկյանի խոսնակը՝ հավելելով․ «Համենայն դեպս, այս պահին «Բարգավաճ Հայաստան» և «Հայրենիք» կուսակցությունները հայտարարել են, որ իրենք շարունակում են սատարել «Հայրենիքի փրկության շարժման» օրակարգին և շարունակում են մնալ շարժման մեջ: Այսինքն, եթե շարժման մեջ գտնվող ուժերը զգան, որ  հակասում են շարժման օրակարգին, դուրս կգան»:

Գեղամ Ադյան