Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Թագուհի Թովմասյանի տրամաբանությամբ՝ տարեցներն ու «այլախոհները» չպետք է քայլեն կամ կանգնեն այն վայրերում, որտեղով անցնում են ցուցարարները

Թագուհի Թովմասյանի տրամաբանությամբ՝ տարեցներն ու «այլախոհները» չպետք է քայլեն կամ կանգնեն այն վայրերում, որտեղով անցնում են ցուցարարները
Քաղաքականություն
19:09, 13 май 2022
Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և  հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը արձագանքել է (ընդ  որում՝ գրավոր ձևաչափով)  «Հայկական ժամանակ»-ի հարցմանը, որը վերաբերում է մասնավորապես Գյումրիում օրերս ՀՀԿ և ՀՅԴ երիտթևի ներկայացուցիչների կողմից տեղի ունեցած բռնարարքներին՝ 74, 56, 72 և 84  տարեկան քաղաքացիներին ծեծի ենթարկելուն։  Պարբերականը գնահատական է խնդրել նաև վերջին օրերին ընդդիմության  հանրահավաքների ժամանակ ցուցարարների կողմից  իրենց հայացքները չկիսող անձանց, մասնավորապես՝ Արմեն ՄարտիրոսյանիՍոս Ջանիբեկյանի նկատմամբ կիրառված բռնությունների վերաբերյալ:  

Երբեմնի ընդդիմադիր լրագրող, ընդդիմության՝ մինչև հեղափոխությունը տեղի ունեցած  ցույցերին մասնակցելու և լուսաբանելու փորձառություն ունեցող տիկին  Թովմասյանը ահա թե ինչպես է շարադրել իր գնահատականները. «Դատապարտում եմ բռնության ցանկացած գործողություն, ում կողմից էլ այն գործադրված լինի: Բայց լավ կլինի, որ իրավապահները պարզեն, թե ինչպես էին տարեց մարդիկ հայտնվել դեպքի վայրում և, ամենակարևորը, ում ուղղորդմամբ։ Միայն այդ դեպքում հնարավոր կլինի վստահ ասել, որ գործն ամբողջությամբ և օբյեկտիվ քննվել է: Իրավապահները մեծ անելիք ունեն»: Սոս Ջանիբեկյանի և Արմեն Մարտիրսյանի վերաբերյալ էլ գրեթե նույնությամբ կրկնել է արդեն վերը շարադրված գնահատականը. «Պիտի պատասխանեմ նույն սկզբունքով. այլախոհների նկատմամբ ցանկացած ոտնձգություն դատապարտում եմ, ում կողմից էլ այն գործադրված լինի: Եվ իրավապահները, որ փութաջանորեն քրգործ հարուցեցին բռնության փորձի հատկանիշներով, պետք է խորությամբ քննեն նաև հարցը, թե ինչ նպատակով և ում դրդմամբ են այլախոհները հայտնվում ցուցարարների տեսադաշտում: Ինչպես նաև պետք է պարզաբանվի՝ սադրանք չկա՞ արդյոք նրանց գործողություններում: Իրավապահների կողմնակալ մոտեցումը և քննությունը էլ ավելի կարող է խորացնել անարդարության մթնոլորտը Հայաստանում»:

Սա այն դեպքն է,երբ պետք է ասել՝ մարդու իրավունքների հարցերով զբաղվող հանձնաժողովի նախագահը  դատապարտում է, բայց ոնց որ թե «չոտկի» չի դատապարտում, ավելի ճիշտ՝ դատապարտում է, քանի որ այլ ճար չունի, պաշտոնն է պարտադրում։ Մյուս կողմից էլ, ակնհայտ է, թե ինչպես է նախկին իշխանական պատգամավորը փութաջանորեն փորձում պաշտպանության տակ առնել բռնության հեղինակներին՝ տեղի ունեցածի մեջ ակամա մեղադրելով տուժողներին։  Նույն այս ոճով ու ձեռագրով էլ Իշխան Սաղաթելյանն ու մյուս ընդդիմադիրներն են դատապարտել տեղի  ունեցած բռնությունները՝ տեղի ունեցածում մեղավորության սլաքներն ուղղելով բռնության զոհերի կողմը։  

Ուշագրավ է նաև այն, որ տիկին Թովմասյանը գործածում է «այլախոհ» (դիսիդենտ) տերմինը, որը խտրական վերաբերմունք արտահայտող տերմին է։ Փաստորեն՝ Թագուհի Թովմասյանի ընդդիմադիր գործընկերների կազմակերպած ցույցերին մասնակցողները «թուրք» են անվանում իրենց  քաղաքական հայացքները չկիսողներին, ինքն էլ որոշել է  մի քիչ «կուլտուրական» տերմինով արտահայտվել՝ նրանց  որակելով որպես «այլախոհներ»։  Առաջարկում ենք, որ տիկին Թովմասյանը «գուգլի» այդ բառը և ծանոթանա   դրա ստուգաբանությանը և ծայրաստիճան զգուշավորություն ցուցաբերի մարդկանց, քաղաքացիներին խնդրահարույց  որակումներ տալուց՝ հաշվի առնելով նաև իր զբաղեցրած պաշտոնը։    

Մեկ այլ ուշագրավ հանգամանք էլ. տիկին Թովմասյանը, արտաքուստ թեականորեն, բայցև  բաց տեքստով հայտարարում է, որ Արմեն Մարտիրոսյանը կամ Սոս Ջանիբեկյանը գուցե սադրիչ նկատառումներից ելնելով են հայտնվել ցուցարարների տեսադաշտում և, փաստորեն, արհեստականորեն  իրենց վրա հարձակվելու առիթ ստեղծել։  Ելնելով Թովմասյանի տրամաբանությունից՝ Սոս Ջանիբեկյանը, փաստորեն, ցուցարարներին սադրելու միտումով էր գնում իր երեխային մանկապարտեզից տուն տանելու։  Եթե երեխային ավելի վաղ մանկապարտեզից տուն տարած լիներ կամ ընդհանրապես այդ օրը մանկապարտեզ տարած չլիներ, կամ էլ՝ մեկ այլ փողոցով քայլելով գնար դեպի մանկապարտեզ,  ապա չէր հայտնվի ցուցարարների թիրախում, և նրա հետ տեղի չէր ունենա  այն, ինչ տեղի է ունեցել։

Նույնն էլ Արմեն Մարտիրոսյանի դեպքում. եթե նա այդ օրը միտումնավոր, ակնհայտ սադրիչ նկատառումներով կամ որևէ մեկի կողմից ենթադրաբար ուղղորդվելով չպայմանավորվեր հանդիպել այն մարդուն, որին պիտի հանդիպեր կամ հանդիպման համար մեկ այլ վայր նշանակած լիներ, ապա նա էլ կարող էր փրկվել ցուցարարների կողմից հարձակումից։  

Սա մեզ հիշեցրեց սովետական շրջանի մի անեկդոտ, երբ բռնաբարության համար ամբաստանվողը դատական նիստի ժամանակ մեղադրում է բռնաբարության զոհ դարձած կնոջը, որը ամեն ինչ արել է, որպեսզի իրեն բռնաբարեն՝ կարճ շրջազգեստ է հագել, վառ շրթներկով  ներկել է շուրթերը և  գայթակղիչ  քայլվածքով   ընդառաջ է գնացել փողոցով անցնող բռնաբարիչին։ Խեղճն էլ չի դիմացել սադրանքին, բռնել ու բռնաբարել է։  

Տիկին Թովմասյանին արժի հիշեցնել նաև, որ ինքն ընդամենը պատգամավոր է, ԱԺ՝ շատ կարևոր առաքելություն ունեցող հանձնաժողովի նախագահ,  և առնվազն «սիրուն չի», երբ փորձում է իրեն վերագրել նաև քննիչի, հետաքննիչի  լիազորություններ՝ փորձելով  խելք սովորեցնել կամ ուղղորդել իրավապահներին։ Իսկ Հայաստանում  տիրող «անարդարության մթնոլորտը էլ ավելի խորացնելու» մասին նրա դիտարկումը  չարժի նույնիսկ մեկնաբանել. «Սերժի դաշինքի» պատգամավոր լինելը դեռ չի նշանակում, որ վերադարձել են նաև «Սերժի ժամանակները»՝ անարդարության մթնոլորտով և մնացած իրողություններով  հանդերձ։

Ե. Ազատյան