Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արդյունքում այդ զենքն օգտագործվեց Հայաստանի և հայ ժողովրդի դեմ. Փաշինյանը՝ ՀԱՊԿ անդամ երկրների կողմից Ադրբեջանին վաճառած զենքի մասին

ՀԱՊԿ գագաթնաժողովին վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ելույթում, ի թիվս մի շարք հարցերի, անդրադարձավ նաև Կազմակերպության անդամ երկրների միջազգային քվեարկություններին, ՀԱՊԿ արձագանքման մեխանիզմներին և Կազմակերպության անդամ երկրների կողմից ոչ անդամ, հակառակորդ երկրներին զենք վաճառելուն։ 

Փաշինյանը, մասնավորապես, անդրադառնալով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ելույթին, որում վերջինս նշում էր, որ արևմտյան երկրները միջազգային քվեարկություններում միասնականություն են հանդես բերում, իսկ ՀԱՊԿ անդամ երկրները՝ ոչ, Փաշինյանը նշեց, որ այս հարցին Հայաստանը բազմիցս անդրադարձել է, և քննարկման կարիք կա։ 

Փաշինյանը, անդրադառնալով ՀԱՊԿ արձագանքման խնդիրներին, նշեց, որ նախորդ տարի այս օրերին Ադրբեջանը ներխուժեց Հայաստանի սուվերեն տարածք, որից հետո Հայաստանը դիմեց ՀԱՊԿ-ին՝ ակնկալելով համապատասխան արձագանք։ «Չենք կարող ասել, որ ՀԱՊԿ-ն արձագանքեց այնպես, ինչպես ակնկալում էր Հայաստանը»,- ասաց Փաշինյանը։ 

Անդրադառնալով զենքի վաճառքին՝ Փաշինյանը նշեց, որ երկար ժամանակ է, ինչ Հայաստանը բարձրացրել է հարցը՝ կապված ՀԱՊԿ անդամ երկրների կողմից Հայաստանի համար ոչ բարեկամ Ադրբեջանին զենք վաճառելու հետ։ «Արդյունքում այդ զենքը օգտագործվեց Հայաստանի և հայ ժողովրդի դեմ»,- ասաց Փաշինյանն ու ավելացրեց. «44-օրյա Արցախյան պատերազմի և հաջորդող օրերին ՀԱՊԿ անդամ երկրների արձագանքը այնքան էլ չի գոհացնում Հայաստանի Հանրապետությանը և հայ ժողովրդին, բայց ուզում եմ  հատուկ նշել ՌԴ նախագահի դերը ղարաբաղյան պատերազմի դադարեցման գործում և վերահաստատում եմ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը Հայաստանի ստանձնած պարտավորություններին հավատարիմ մնալը»։

Վովա Հակոբյան