Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Շուտով ընտրություններ են, և պարզ կդառնա՝ այս իշխանությունը վայելում է ժողովրդի վստահությունը, թե՞ չէ»․ Արտակ Մանուկյան

«Շուտով ընտրություններ են, և պարզ կդառնա՝ այս իշխանությունը  վայելում է ժողովրդի վստահությունը, թե՞ չէ»․ Արտակ Մանուկյան
Քաղաքականություն
12:19, 26 март 2021
ԱԺ-ում կայացած ճեպազրույցների ընթացքում լրագրողների հարցերին պատասխանեցին «Իմ Քայլը» խմբակցության պատգամավորներ Արթուր Հովհաննիսյանը, Հայկ Կոնջորյանը և Արտակ Մանուկյանը։ Անդրադառնալով ընտրական օրենսգրքում փոփոխություններին՝ Հայկ Կոնջորյանն ասաց, որ խմբակցությունում որոշում ունեն, որ պետք է անցում կատարել պարզ համամասնականի, բայց քննարկումները դեռ շարունակվում են ինչպես միջազգային գործընկերների, այնպես էլ հայաստանյան քաղաքական ուժերի և քաղհասարակության հետ։ 

Անդրադառնալով «Լուսավոր Հայաստան» խմբակցության դիրքորոշմանը, ըստ որի չի կարելի խաղի կանոնները փոխել ընտրությւոններից գրեթե անմիջապես առաջ՝ պատգամավոր Արթուր Հովհաննիսյանն ասաց, որ  ռեյտինգայինի վերացումը ավելի է պարզեցնում խաղի կանոնները և այս առումով որևէ խնդիր չեն տեսնում։ Թե կգնա՞ն խաղի կանոնների փոփոխության կոնսենսուս չունենալու դեպքում, Կոնջորյանն ասաց, որ իրենց համար կարևոր է, որ այդ հարցում կոնսենսուս լինի, բայց մատնանշեց, որ խորհրդարանական ընդդիմության կողմից արված հրապարակային հայտարարություններում բազմիցս նշվել է, որ իրենք պատրաստ են գնալ ընտրությունների ցանկացած ընտրակարգով, հետևաբար ընտրակարգի վերաբերյալ կոնսենսուսի թեզը հակասության մեջ է մտնում հրապարակային հայտարարությունների հետ։ Բայց միանշանակ, խորհրդրանական մեծամասնությունը շարունակելու է աշխատել իրենց գործընկերների հետ՝ կոնսենսուսի գալու համար։

Անդրադառնալով ոստիկանների աշխատավարձերի գրեթե 100 տոկոսով բարձրացմանը՝ Արտակ Մանուկյանը նշեց, որ պետական համակարգում մարդիկ պետք է արդարացի վարձատրվեն և բոլոր ջանքերը կգործադրեն պետական համակարգում արդարացի վարձատրում ապահովելու համար։ Ինչ վերաբերում է ոստիկանության՝  իշխանության միակ հենարան լինելուն,  Մանուկյանն ասաց, որ առաջ էլ ասում էին միակ հենարանը ֆեյքերն ենբ, հիմա՝ ոստիկանները։ «Շուտով ընտրություններ են, և պարզ կդառնա՝ այս իշխանությունը  վայելում է ժողովրդի վստահությունը, թե՞ չէ», - ասաց Արտակ Մանուկյանը։