Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռուսաստանը հուսով է, որ Հայաստանն ու Ադրբեջանը առաջիկայում կսկսեն սահմանազատման գործընթացը. Զախարովա

Ռուսաստանը հուսով է, որ Հայաստանն ու Ադրբեջանը առաջիկայում կսկսեն սահմանազատման գործընթացը. Զախարովա
Քաղաքականություն
21:21, 18 май 2022
Ռուսաստանը հուսով է, որ առաջիկայում կհաջողվի սկսել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործնական աշխատանքը։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այդ մասին հայտարարել է այսօրվա ճեպազրույցում՝ պատասխանելով «Լուրեր»-ի հարցին։

«Մենք հետևողականորեն հանդես ենք գալիս հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման երկկողմ հանձնաժողովի ստեղծման և հետագա սահմանագծման օգտին՝ Ռուսաստանի խորհրդատվական աջակցությամբ։ Միևնույն ժամանակ, պետք է քայլեր ձեռնարկել սահմանի կայունությունն ու անվտանգության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ։ Այս հարցը քննարկվել է Դուշանբեում՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպման ժամանակ: Գործընկերները տեղեկացրել են, որ իրենք մոտ են ազգային պատվիրակությունների ձևավորման ավարտին»,- ասել է Զախարովան՝ ավելացնելով, որ Ռուսաստանն արդեն ձևավորել է իր փորձագիտական թիմը և  հուսով է, որ առաջիկայում կհաջողվի սկսել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործնական աշխատանքները։

Զախարովայի կարծիքով՝ սահմանազատման հանձնաժողովի աշխատանքների շուտափույթ մեկնարկն անհրաժեշտ է նաև ցանկացած տեսակի սահմանային միջադեպերի կանխարգելման համար:

«Դրա շրջանակում հնարավոր կլիներ վստահության բարձրացման մեխանիզմներ ձևավորել, ներառյալ՝ շփման խմբերի ստեղծումը՝ սահմանամերձ շրջաններում կայուն մթնոլորտ ապահովելու համար»,- ասել է Զախարովան: