Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սեփական հանցագործությունների համար պատասխան չտված, արգելված միջոցներ կիրառելու, ցուցարարներին և ոստիկաններին վնասելու մեջ մեղադրվող Լևոն Երանոսյանը փողոցային ցուցարար է դարձել

Սեփական հանցագործությունների համար պատասխան չտված, արգելված միջոցներ կիրառելու, ցուցարարներին և ոստիկաններին վնասելու մեջ մեղադրվող Լևոն Երանոսյանը փողոցային ցուցարար է դարձել
Քաղաքականություն / Իրավունք
20:02, 19 май 2022
Հատկապես 2016 թ.  Սարի թաղի ու Խորենացի փողոցի դեպքերից հայտնի  Հայաստանի նախկին փոխոստիկանապետ, ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Լևոն Երանոսյանը, որն այսօր մեղադրվում է մի շարք հանցագործությունների համար, միացել է ընդդիմության «Դիմադրություն» շարժմանը՝ պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։  

Հիշեցնենք, որ 2016 թ.-ին Սարի թաղում ու Խորենացի փողոցում Լևոն Երանոսյանն անմիջականորեն ղեկավարում էր ոստիկանության գործողությունները, իսկ նրա եղբայր, ոստիկանության նախկին պաշտոնյա Լեռնիկ Երանոսյանն անձամբ նռնակ էր նետում խաղաղ ցուցարարների ու լրագրողների վրա: Այդ գործողությունների արդյունքում 16–ամյա պատանին կորցրեց աչքը, լուրջ այրվածքներ ստացան ու տուժեցին բազմաթիվ քաղաքացիներ ու լրագրողներ, ազատազրկվեցին մոտ 70 ցուցարարներ, սակայն Սերժ Սարգսյանի ժամանակվա ՀՔԾ-ն ոչ մի հանցանցք չգտավ Երանոսյանների գործողություններում։  Ավելին, ամիսներ անց Սերժ Սարգսյանը «Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալ շնորհեց Խորենացի փողոցում քաղաքացիներին անձամբ սեռական բնույթի հայհոյանքներ տվող ՀՀ փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանին: «Ա1+»-ը Խորենացիում նկարահանել էր, թե ինչպես է ոստիկանության զորքերի նախկին հրամանատար, փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանը սեռական բնույթի հայհոյանք տալիս ձեռնաշղթաներ հագցրած քաղաքացուն, որին ոստիկանները կռացրած բերման են ենթարկում փողոցում:  

Թերևս դա էր պատճառը, որ նա նույն վարքը կրկնեց 2018-ի Թավշյա հեղափոխության ժամանակ։ Այժմ Լևոն Երանոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով՝ պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով և անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։  

Ըստ մեղադրանքի՝ Լևոն Երանոսյանը 2018թ. ապրիլին՝ հեղափոխության՝ Բաղրամյան պողոտայում անցկացվող բողոքի ակցիայի ժամանակ, «Զարյա» տեսակի լուսաձայնային նռնակներ է կիրառել, ինչի հետևանքով ցույցի մասնակիցներից ավելի քան 40 հոգի, այդ թվում՝ ոստիկանության աշխատակիցներ, ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Մեղադրանքում նշված է, որ Լևոն Երանոսյանը նռնակները կիրառելիս խախտել է թույլատրելի չափանիշները՝ համապատասխան հեռավորություն պահելը։  Սակայն ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Լևոն Երանոսյանը հարուցված գործի շրջանակներում տրված ցուցմունքներում նշել է, որ 1 նռնակ է նետել Բաղրամյան պողոտայում և Արցախի փողոցի սկզբնամասում տեղի ունեցած բախումների ընթացքում:

Այս մասին լրագրողներին հայտնել էր նրա պաշտպան Տիգրան Սաֆարյանը:  Բացի այս քրեական գործից, Լևոն Երանոսյանին մեղադրանք էր առաջադրվել նաև այն բանի համար, որ նա, որպես ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, օգտագործել է պաշտոնեական դիրքը և այլ անձի հետ հանցակցությամբ 2015-2018 թվականների ընթացքում կատարել է իրեն վստահված ուրիշի առանձնապես խոշոր չափերով գույքի վատնում, ինչպես նաև կատարել է պաշտոնեական կեղծիք:  Լևոն Երանոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 314-րդ հոդվածի 1-ին մասով և 308-րդ հոդվածի 2-րդ մասով:

Ըստ ձեռք բերված ապացույցների՝ պարզվել է, որ Վլադիմիր Գասպարյանի դուստրը 2015թ.-ին նշանակվել է ՀՀ ոստիկանության զորքերի շտաբի օպերատիվ բաժնի ավագ սպայի պաշտոնին, սակայն առհասարակ ծառայության չի ներկայացել և ծառայողական պարտականությունները չի կատարել: Տեղյակ լինելով այդ մասին՝ նշված ժամանակահատվածում ոստիկանության պետի տեղակալի պաշտոնը զբաղեցրած Լևոն Երանոսյանը ոչ միայն չի ձեռնարկել կանխարգելիչ միջոցառումներ, այլև վատնել է պետական միջոցները, այն է՝ պաշտոնեական դիրքի օգտագործմամբ յուրաքանչյուր ամիս իր ստորագրությամբ հաստատել է ՀՀ ոստիկանության զորքերի ամսական ֆինանսավորման հայտերը, որոնց հիման վրա Վ. Գասպարյանի դստերը 2015-2018 թվականների ընթացքում փաստացի վճարվել է առանձնապես խոշոր չափի՝ 8.838.362 ՀՀ դրամ:

Ավելին՝ Լևոն Երանոսյանի հանձնարարությամբ ամբողջությամբ կեղծ փաստաթղթեր կազմելու միջոցով կազմակերպվել է Վ. Գասպարյանի դստերն ընդամենը 3 օրով բարձր պաշտոնի նշանակելու ձևական գործընթաց, որով ապահովվել է վերջինիս փոխգնդապետի զինվորական կոչում շնորհելը:  Քրեական գործով պարզվել է նաև, որ ՀՀ ոստիկանության ներքին աուդիտի վարչության պետի պաշտոնը զբաղեցրած Վարդան Թունյանը Լևոն Երանոսյանին դրդել է ՀՀ ոստիկանության զորքերում ծառայության ընդունած իր ծանոթին ազատել ծառայողական պարտականությունները կատարելուց: Լևոն Երանոսյանը, Վարդան Թունյանի խնդրանքը կատարելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, չարաշահելով պաշտոնեական լիազորությունները, հանձնարարել է իր անմիջական ենթակայության ներքո գտնվող ՀՀ ոստիկանության զորքերի զորամասի հրամանատար Գուրգեն Գրիգորյանին նշված անձին ազատել զորամասի դասակի հրամանատարի պարտականությունների կատարումից:

Փոխարենը վերջինս որպես վարորդ սպասարկել է Վարդան Թունյանին՝ 2014-2018 թվականների համար ստանալով  զորամասի դասակի հրամանատարի դրույքաչափով՝ ընդհանուր 7.954.103 ՀՀ դրամ աշխատավարձ, որի հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափի վնաս: Սույն գործերով Լևոն Երանոսյանը ներկայումս ունի ամբաստանյալի կարգավիճակ, դատաքննությունները շարունակվում են։