Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ընդդիմադիր Հայկ Մամիջանյանը Շվեյցարիա գործուղման կմեկնի՝ կտրվելով փողոցից և «հայրենափրկության» կարևոր գործից

Ընդդիմադիր  Հայկ Մամիջանյանը Շվեյցարիա գործուղման կմեկնի՝ կտրվելով փողոցից և «հայրենափրկության» կարևոր գործից
Քաղաքականություն
20:03, 20 май 2022
Ցույցերից աչք չբացող ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը, ի թիվս այլ պատգամավորների, հունիսի երկրորդ  շաբաթը մեկնելու է Բեռն։  

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի համապատասխան կարգադրության մեջ նշված է, որ հունիսի 6-9-ը Շվեյցարիայի խորհրդարանի Շվեյցարիա-Հայաստան միջխորհրդարանական հանդիպումներին մասնակցելու համար Շվեյցարիայի Համադաշնություն են գործուղվելու ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը, ԱԺ  պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, ԱԺ  աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը, ԱԺ  պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարանը, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հայկ Մամիջանյանը, ԱԺ պատգամավոր  Մարիա Կարապետյանը, ԱԺ  աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջազգային կազմակերպությունների բաժնի գլխավոր մասնագետ Էդուարդ Բադոյանը։  

Նշենք, որ ընդամենը երեկ, պատասխանելով մանդատը վայր դնելու մասին հարցին, Մամիջանյանը նշեց, թե այդ մանդատն իրենց  ժողովուրդն է տվել, իրենք կատարում են ժողովրդին տված խոստումը՝ իրենց կողքին են։ Ապա հավելեց, թե «իրական քաղաքական գործընթացը տեղի է ունենում հենց փողոցում»։ 
 
Փաստորեն, Մամիջանյանը որոշել է իրացնել ժողովրդի տված մանդատը՝ կտրվելով իրական քաղաքական գործընթացների վայրից՝ փողոցից,  և ինչ-որ միջխորհրդարանական հանդիպումների մեկնել։